Հասարակական

Երևանի Հաղթանակ թաղամասում ինքնաձիգի գործադրմամբ խուլիգանության համար հետախուզվող 5 անձնինք ներկայացել են բաժին

3 րոպեի ընթերցում

Երևանի Հաղթանակ թաղամասում ինքնաձիգի գործադրմամբ խուլիգանության համար հետախուզվող 5 անձնինք ներկայացել են բաժին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Հաղթանակ թաղամասում ինքնաձիգի գործադրմամբ խուլիգանության համար հետախուզվող 5 անձնինք ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նրանցից մեկը հետը բերել է նաև հանցագործության գործիքը` ԱԿ-47 տեսակի ինքնաձիգը` լիցքավորված 17 փամփուշտով։

«Անցած տարվա նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Հաղթանակ թաղամասում երկու մեքենայով մոտեցած անձինք զենքերով վիճաբանում են:

Անմիջապես նշված հասցե մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներով ժամանած անձինք դուրս են հրավիրել բնակիչներից մեկին, ինչից հետո ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում դուրս են եկել նաև տղամարդու տնեցիները, սակայն ժամանած անձինք շարունակել են հասարակության հանդեպ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք, իսկ նրանցից մեկն էլ հանել է ինքնաձիգ ու կրակահերթ արձակել օդ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով:

Թեև իրավապահներն արագ պարզեցին ժամանած տղամարդկանց ինքնությունը, սակայն նրանք խուսափեցին քննությունից, և ավելի ուշ որոշում կայացվեց նրանց նկատմամբ հայտարարել հետախուզում:

Այս ուղղությամբ Մալաթիայի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, նաև բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 8-ի առավոտյան հինգ հետախուզվողները ներկայացան ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրանցից մեկը հետը բերել էր նաև հանցագործության գործիքը` ԱԿ-47 տեսակի ինքնաձիգը` լիցքավորված 17 փամփուշտով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը նրանք ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին` հարցաքննության, ինչից հետո տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում