Հայաստանը Հնդկաստանի վստահելի գործընկերն է. Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության 75-ամյակը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ 75 տարի առաջ՝ 1947 թ. օգոստոսի 15-ին, հնդիկ ժողովուրդը սահմանադրորեն ամրագրեց իր ազգային-ազատագրական պայքարի հաղթանակը՝ հռչակելով Հնդկաստանի անկախությունը, և Հայաստանի համար ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանը իր պետականությամբ, մշակույթով ու տնտեսությամբ այսօր գրանցում է նշանակալի ձեռքբերումներ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Հնդկաստանի Անկախության 75-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից սրտանց շնորհավորելով Հնդկաստանի կառավարությանը և բարեկամ հնդիկ ժողովրդին:

Հիշեցնելով դեռևս հնագույն ժամանակներում ձևավորված հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմության մասին՝ փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության անունից շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի կառավարությանը Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքին և Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

«Մեր երկու ժողովուրդները, աշխարհագրական առումով իրարից հեռու լինելով հանդերձ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և դա առաջին հերթին մարդկային ներուժն է, հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանման նվիրվածությունը: Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումը և ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ», - ասաց փոխվարչապետը:

Հիշեցնելով, որ 2022 թվականին նշվում է նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ երկու բարեկամ երկրների միջև առկա է ակտիվ համագործակցություն նաև բազմակողմ ձևաչափով, ինչը լավագույնս դրսևորվում է միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ: Բայց կողմերը դեռ անելիքներ ունեն տնտեսական և գործարար համագործակցության չօգտագործված ներուժը իրացնելու ուղղությամբ, ինչին կնպաստի նաև հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը:

«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են միջպետական համագործակցության գործուն ձևաչափ՝ հիմնված բարի կամքի և գործընկերության վրա», - հավելեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Միջոցառման ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գործարար և այլ համայնքների ներկայացուցիչներ, Հայաստանում հնդկական համայնքի ներկայացուցիչներ և Հնդկաստանի հայ բարեկամներ:

Իր ելույթում նրանց ողջունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը՝ շնորհակալություն հայտնելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և մյուս բոլոր հյուրերին հնդիկ ժողովրդի հետ կարևոր տոնակատարությանը մասնակցելու համար:

Հնդկաստանի Անկախության 75-ամյակի տոնակատարությունը, ի դեպ, հատուկ անվանում ունի, որը տվել է Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդին՝ այն կոչելով «Ազադի Կա Ամրիտ Մահոտսավ», այսինքն՝ «Անկախության նեկտարի փառատոն»: Ըստ դեսպանի՝ այս «նեկտարի տարին», որը սկսվեց անկախության 75-րդ տարում, Հնդկաստանի համար նոր հեղափոխությունների շրջան է:

«Այս տարիների ընթացքում Հնդկաստանը երկար ճանապարհ է անցել: Ազատ Հնդկաստանի 75 տարիները լի են հիանալի ձեռքբերումներով: Մենք հպարտ ենք մեր Սահմանադրությամբ: Մենք հպարտ ենք մեր ժողովրդավարական աավանդույթներով: Ժողովրդավարության մայրը՝ Հնդկաստանը, դեռ առաջ է շարժվում՝ ամրապնդելով ժողովրդավարությունը: Գիտելիքներով ու գիտությամբ հարուստ Հնդկաստանը իր հետքն է թողնում Մարսից մինչև Լուսին», - հայտարարեց դեսպան Դեվալը:

Խոսելով հայ-հնդկական դարավոր մշակութային և քաղաքական շփումների մասին՝ դեսպանը նշեց, որ իրենք՝ Հնդկաստանը, համարում են Հայաստանը իրենց վստահելի գործընկերը:

Դեսպան Կիշան Դան Դեվալը նաև Հնդկաստանի դեսպանատան անունից խորին ցավակցություն հայտնեց օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի և պայթյունի զոհերի ընտանիքներին և հարազատներին:

«Կիսում ենք ընտանիքների վիշտը՝ կրելու այս կորուստը: Այս աղետի հետևանքով տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասաց դեսպանը:

Հնդկաստանի Անկախության 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում դեսպան Դեվալը նաև պարգևատրեց Հայաստանում ուսանող հնդիկ երկու ուսանողների, որոնք հաղթել էին վարչապետ Մոդիի հայտարարած մրցույթում: Պաշտոնական ելույթներից հետո սկսվեց միջոցառման մշակութային մասը՝ հնդկական մշակութային կենտրոնի, ինչպես նաև Հայաստանից և Վրաստանից հրավիրված երաժշտական և պարային խմբերի ելույթները:

Հնդկաստանի հռչակել է իր անկախությունը Մեծ Բրիտանիայից 1947 թ. օգոստոսի 15-ին, երբ ուժի մեջ մտավ Հնդկաստանի անկախության ակտը՝ մշակված բրիտանական խորհրդարանի կողմից և հաստատված 1947 թ. հուլիսի 18-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Կլեմենտ Էթլին դեռ 1947 թ. փետրվարին հայտարարել էր, որ բրիտանական կառավարությունը լիակատար անկախություն կտրամադրի Հնդկաստանին մինչև 1948 թվականը: Օգոստոսի 15-ին Հնդկաստանի 1-ին վարչապետ Ջավահարլալ Ներուն Դելիի Կարմիր բերդի պատերից վեր ծածանեց անկախ Հնդկաստանի եռագույն դրոշը: Այդպես Մահաթմա Գանդիի գլխավորությամբ տասնամյակներ շարունակ բրիտանական գաղութատիրության դեմ հնդիկ ժողովրդի մղած խաղաղ դիմադրության և քաղաքացիական անհնազանդության պայքարը հասավ իր տրամաբանական ավարտին:

Հնդկաստանի անկախության 75-ամյակի կապակցությամբ օգոստոսի 15-ին շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ կարևոր տոնի առթիվ խաղաղություն, բարեկեցություն և բարօրություն մաղթելով Հնդկաստանի ժողովրդին և կառավարությանը: Արտգործնախարարությունը ընդգծել էր, որ Հայաստանը մեծապես արժևորում է Հնդկաստանի հետ իր բազմակողմ համագործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա:

Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. օգոստոսի 31-ին: 2019 թ. սեպտեմբերի 13-ից ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Կիշան Դան Դեվալը: 2021 թ. հուլիսի 6-ից Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Յուրի Բաբախանյանն է:

Լրագրող՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

Հայերեն

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել