Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Գյումրիում մեկնարկեց համայնքային երիտասարդական ծրագրերի «BootCamp» մրցույթը

Գյումրիում մեկնարկեց համայնքային երիտասարդական ծրագրերի «BootCamp» մրցույթը

ԳՅՈՒՄՐԻ, 5  ՄԱՅԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի և Լոռու մարզերը ներկայացնող պատանիների՝ համայնքային խնդիրների լուծման լավագույն  նորարարական մոտեցումները  կֆինանսավորվեն:  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մայիսի 5-ին մեկնարկեց  UNICEF-ի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացվող «BootCamp»-ը՝ համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացում-մրցույթը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած UPSHIFT ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա միջոցառման մեկնարկին ողջունելով մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը  նշեց.  «Ես վստահ եմ այս ծրագրի շարունակության և հաջողության մեջ, որովհետև այն շատ ճիշտ թիրախ խումբ, ճիշտ ազդակ ու կոչ ունի՝ պատանիները, որոնք պետք է սկսեն զգալ պատասխանատվություն իրենց սեփական համայնքի նկատմամբ, և այդ պատասխանատվությունը փոփոխություններ առաջարկելու և կյանքի կոչելու համար է լինելու։ Այս տարիքից շատ կարևոր է նման ճանապարհով առաջ գնալը, շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ԵՆԿ-ի թիմերը շատ հետևողական աշխատում են ու պատրաստում են երեխաներին՝ գաղափարներ մշակելու և կյանքի կոչելու։ Վստահ եմ՝ նրանք վաղը կլինեն փոփոխությունների ակտիվ դերակատարներ»։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը ևս  վստահ է  ծրագրի հաջողության մեջ՝դպրոցականների ոգևորությունը   առանձնացնելով։
Երկու օրերի ընթացքում Շիրակի և Լոռու մարզերից 47 պատանիներ կշարունակեն աշխատել իրենց ծրագրային գաղափարների վրա և կներկայացնեն նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարները, որոնք մայիսի 6-ին կգնահատի ժյուրին։

Ներկայացված 10 ծրագրային գաղափարներից 5-ը կստանա ֆինասավորում:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am