Հասարակական

Գյումրիում մեկնարկեց համայնքային երիտասարդական ծրագրերի «BootCamp» մրցույթը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկեց համայնքային երիտասարդական ծրագրերի «BootCamp» մրցույթը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի և Լոռու մարզերը ներկայացնող պատանիների՝ համայնքային խնդիրների լուծման լավագույն նորարարական մոտեցումները կֆինանսավորվեն: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մայիսի 5-ին մեկնարկեց UNICEF-ի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացվող «BootCamp»-ը՝ համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացում-մրցույթը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած UPSHIFT ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա միջոցառման մեկնարկին ողջունելով մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց. «Ես վստահ եմ այս ծրագրի շարունակության և հաջողության մեջ, որովհետև այն շատ ճիշտ թիրախ խումբ, ճիշտ ազդակ ու կոչ ունի՝ պատանիները, որոնք պետք է սկսենզգալ պատասխանատվություն իրենց սեփական համայնքի նկատմամբ, և այդ պատասխանատվությունը փոփոխություններ առաջարկելու և կյանքի կոչելու համար է լինելու։ Այս տարիքից շատ կարևոր է նման ճանապարհով առաջ գնալը, շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ԵՆԿ-ի թիմերը շատ հետևողական աշխատում են ու պատրաստում են երեխաներին՝ գաղափարներ մշակելու և կյանքի կոչելու։ Վստահ եմ՝ նրանք վաղը կլինեն փոփոխությունների ակտիվ դերակատարներ»։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը ևս վստահ է ծրագրի հաջողության մեջ՝դպրոցականների ոգևորությունը առանձնացնելով։

Երկու օրերի ընթացքում Շիրակի և Լոռու մարզերից 47 պատանիներ կշարունակեն աշխատել իրենց ծրագրային գաղափարների վրա և կներկայացնեն նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարները, որոնք մայիսի 6-ին կգնահատի ժյուրին։

Ներկայացված 10 ծրագրային գաղափարներից 5-ը կստանա ֆինասավորում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում