Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Մոլդովայի բնակչության մեծ մասը ցանկանում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ. Դոդոնն ակնկալում է Հայաստանի աջակցությունը

Մոլդովայի բնակչության մեծ մասը ցանկանում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ. Դոդոնն 
ակնկալում է Հայաստանի աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վստահ է, որ Հայաստան կատարած իր այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ընթացքում Իգոր Դոդոնը նշեց, որ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու նպատակով առաջիկայում մի շարք աշխատանքներ են նախատեսված:

«Շատ ուրախ եմ, որ Մոլդովայի նախագահներից Հայաստան առաջին այցելողը ես եմ: Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Այնպես է ստացվել, որ Մոլդովայի նախագահները մինչ այժմ թե աշխատանքային, թե պաշտոնական այցով չեն եկել Հայաստան: Ես կարծում եմ, որ իմ՝ Հայաստան այցելությունը նոր էջ կբացի մեր երկկողմ հարաբերություններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Իգոր Դոդոնը:

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է առաջ շարժվել բազմաթիվ հարցերով: Ստորագրվել են միջկառավարական, միջպետական 15 համաձայնագրեր, ներկայում էլ կան մի քանի համաձայնագրեր, որոնք պատրաստ են ստորագրման: Նա հույս հայտնեց, որ իր այս այցելությունից հետո երկու երկրները դուրս կգան երկկողմ համագործակցության նոր մակարդակ:

«Եթե խոսենք առևտրային հարաբերություններից, ապա պետք է նշել, որ այդ առումով եղած մակարդակը չի համապատասխանում երկու երկրների միջև առկա ներուժին:  Մենք պայմանավորվել ենք, որ կանցկացվեն միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար ֆորում: Ես վստահ եմ, որ գործարարները կկարողանան գտնել ընդհանուր նախագծեր, որոնք խթան կհաղորդեն առևտրային հարաբերություններին»,-ասաց նախագահը:

Իգոր Դոդոնը նշեց, որ իր գլխավորած պատվիրակության մեջ կա Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը: Նրա խոսքով,  Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամական խմբում ներառված են 20-ից ավելի պատգամավորներ: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի կկայանա բարեկամական խմբի նիստը:

«Մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք երկու երկրների համագործակցությունը միջազգային հարթակներում` եվրոպական, տարածաշրջանային: Ես վստահ եմ, որ մեր երկրները դատապարտված են ունենալ լավ հարաբերություններ Արևմուտքից մինչև Արևելք: Այդ առումով Հայաստանը լավ օրինակ է Մոլդովայի համար: Մեզ համար շատ հետաքրքիր է Հայաստանի փորձը ԵԱՏՄ անդամակցության կարգավիճակով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին այն աջակցության համար, որը մենք զգացել ենք նոր ինտեգրացիոն գործընթացներում: Մոլդովայի բնակչության մեծ մասը ցանկանում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, և այս տարի մենք արել ենք առաջին քայլերը: Ապրիլի սկզբին ստորագրել եմ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր: Հայտ եմ ներկայացրել դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Հայաստանը մեզ աջակցել է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների երկու նիստերին` Բիշքեկում, Սոչիում: Մենք հույս ունենք, որ հետագայում էլ այդ աջակցությունը կստանանք»,-ասաց նախագահը:

Իգոր Դոդոնը նշեց, որ իրենց համար հետաքրքիր է վերլուծել այն ճանապարհային քարտեզը, որով անցնում է Հայաստանը: Այդ առումով երկու երկրների նախագահները պայմանավորվել են փորձի փոխանակման հարցում: Իգոր Դոդոնի խոսքով, իրենց համար հետաքրքիր է Հայաստանի օրինակը, երբ այն գտնվում է ԵԱՏՄ-ում, և պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել:

«Մենք մանրամասն քննարկել ենք նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, և անդրադարձել ենք այն խնդիրներին, որոնց բախվում են մեր երկրները: Մենք հույս ունենք` այն խնդիրները, որոնց բախվում է Հայաստանը, կլուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով միջազգային պայմանավորվածություններին համաձայն»,-ասաց Իգոր Դոդոնը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am