Տավուշի Մեղրի և հատապտուղների փառատոնը ամեն տարի օգոստոսին մարզ կբերի նաև բարձրակարգ երաժշտություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական դարձած Մեղրի և հատապտուղների փառատոնն արդեն անցկացվում է 6-րդ տարին անընդմեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի առաջին օրը` օգոստոսի 12-ին, տոնը նշանավորվեց նաև ջազ համերգով. ելույթ ունեցան Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կատարելով հայտնի ջազային գործեր և հայ մեծ երաժիշտների ստեղծագործությունների մշակումներ:
Փառատոնի կազմակերպիչ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ այսուհետ, ամեն տարի օգոստոսի 12-ին Տավուշի մարզում կթևածի բարձրակարգ երաժշտությունը: «Այն մարդիկ, ովքեր ապրում են այս բնության մեջ` արժանի են միայն ամենալավին տարբեր բնագավառներում, հատկապես մշակույթի ոլորտում»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցն էլ շնորհակալություն հայտնեց ներկաներից և հիշեցրեց, որ իրենք արդեն երկրորդ անգամ են ելույթ ունենում Մեղրի և հատապտուղների փառատոնին: «Ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ենք մեր մասնակցությունն ունենում այս հրաշալի նախագծին: Պետք է խոստովանեմ, որ անցյալ տարվա մեր ելույթը եղավ առաջինը` մի շարք մարզային ելույթների շարքում»,- ընդգծեց Արմեն Հյուսնունցը:
Փառատոնն անցկացվում է Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորանի այգում արդեն 6-րդ տարին անընդմեջ: Այն Տավուշի զարգացմանն ուղղված ծրագրերից է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում