Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Զինված հարձակում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ բացահայտելով հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ներխուժած զինված խմբի անդամների հետ բանակցությունների որոշ մանրամասներ: Վիտալի Բալասանյանը տեղեկություն է փոխանցել նաև այն մասին, թե ով է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանությունը կատարողը:  Երևանում պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը տարածել է տեղեկատվություն,  որում մանրամասնվում են հուլիսի 17-ին ի վեր ամեն օր ձեռբարկված գործողությունները և տվյալ օրվա զարգացումները: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկել է մինչ օրս պարբերաբար բուժօգնություն ստացող զինված խմբի վիրավոր անդամներից մեկին տեղափոխել հիվանդանոց՝ նրա առողջական վիճակին համարժեք և պատշաճ ստացիոնար բուժումն ապահովելու համար, սակայն այդ առաջարկը զինյալների կողմից մերժվել է: ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են նոր ձերբակալություններ և բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ: Դատարանի որոշմամբ` «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ներխուժած զինված խումբը հուլիսի 25-ին այրել է գնդի 3 ծառայողական մեքենա: Հուլիսի 24-ին ևս նրանք այրել էին գնդի ավտոմեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից հուլիսի լույս 26-ի գիշերը վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը վիրահատվել են: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գույքի ոչնչացումը:  «Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ»,- ասված է հայտարարության մեջ: Զինված խմբի վիրավոր անդամներ Աշոտ  Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներ՝ հայր և որդի  Պավել և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հրաձգության ժամանակ ակտիվ կրահոցներ են արձակվել գունդը գրաված զինված խմբի անդամների կողմից:  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատավարական և օպերատիվ-հետախուզական եղանակով ձեռք են բերվել հավաստի տվյալներ (այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստացված ձայնագրություններ), ըստ որոնց՝ հուլիսի 17-ից ի վեր խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում պատանդ են վերցրել վիրավորներին օգնության հասած բժիշկներին: Հուլիսի 27-ի դրությամբ,  հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 12 անձի: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժնի միջնորդությունը և որոշել Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով: Պարեկապահակային գնդի տարածքում գտնվող բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել: Ազատ արձակվածը բուժակ Դավիթ Տոնոյանն է: Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հուլիսի 28-ին` ժամը 10:00-ի դրությամբ, հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան: Երևանի Խորենացի փողոցից և դրա հարակից տարածքից հուլիսի 27-ին ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 66 անձ, որից 5-ը ներկայացվել է Քննչական կոմիտե: Բերման ենթարկվածներից 61-ը բաց է թողնվել:  ՀՀ ոստիկանւթյան ՊՊԾ  գնդի տարածքը գրաված զինված անձանցից Արայիկ Խանդոյանը վիրավորվել է; ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք: ՊՊԾ գրավված գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը։ Խորենացու փողոցում և Սարի թաղում հավաքվածներին մի քանի անգամ հավաքի անօրինական բնույթի մասին տեղեկացնելուց և տարածքը լքելու հորդորից հետո ոստիկանությունը ցրեց հավաքվածներին:  Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարք պատնեշով առաջացան հավաքվածների շարքերի մեջ, նաև լուսաձայնային միջոցներ կիրառելով սկսեցին բերման ենթարկել նրանց: Բերման ենթարկվեցին տասնյակ մարդիկ: Ազատության հրապարակից դեպի Խորենացու փողոց շարժվող ցուցարարները անակնկալ կերպով փոխել էին երթի ուղղությունը և շարժվել Սարի թաղի ուղղութամբ: ՊՊԾ գնդի մերձակա հատվածում լսվել են կրակոցների ձայներ: Հավաքվածներին հավաքների անօրինական բնույթի մասին իրազեկում էին Սարի թաղում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, իսկ Խորենացու փողոցում՝ ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը: Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով  շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից  մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է մասնագիտական կենտրոն նրա տեղափոխման հարցը ։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի  վիճակը։ Այստեղ գտնվող տուժած  5 ոստիկանից 1-ին`  որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։ Մնացած տուժածների վիճակը բավարար է։ Ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ Խորենացու փողոցից և Սարի թաղից բերման է ենթարկվել 165 անձ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին կետով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է  քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի եւ  Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը։ Նախնական տվյալներով՝  հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով  ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոններ են դիմել 67 մարդ։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, բավարարել է Ալեք Ենիգոմշյանի կալանքի միջնորդությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը` երկու ամիս ժամկետով: Երևանի Խորենացու փողոցում և Սարի Թաղում հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան: Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարվկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ ՊՊԾ գնդի տարածքում վնասվածք ստացած և հիվանդանոց տեղափոխված Արթուր Մելքոնյանը ներկայացնում է զինված խմբին անդամագրվելու և ՊՊԾ գնդի գրոհի հանգամանքները: ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կրակից սպանվել է ոստիկանության զորքերի ծառայող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեփանոսյանը»:

Ղարաբաղյան հակամարտություն 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ (20 կրակոց): Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:  Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ): Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ադրբեջանը, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից, հայկական դիրքերի վրա արձակելով 2 արկ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հուլիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորվել է զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Վերջին 1,5 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից գնդակոծությունների և հրետակոծությունների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ գոտում վնասվել է շուրջ 1600 առանձնատուն, զոհվել է 7 խաղաղ բնակիչ: Այս մասին նշել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ԱՄՆ սենատի` Թոմաս Գոֆֆուսի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը:

Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը մոտ մեկուկես ամիս է, ինչ գտնվում է Ադրբեջանի բանտերից մեկում հայկական ծագման պատճառով:  Ձերբակալվածի քյոջ՝ Մարիանա Միրզոյանի պնդմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունից այդ ժամանակահատվածում որևէ մեկը դեռեւս եղբորը չի այցելել:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Եգիպտոսի ավելի քան երեք հարյուր պատգամավորներ ստորագրել են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանում քվեարկության դնելու հարցման ներքո։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս: Այս մասին նշեց Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը:  Եգիպտոսի խորրհդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն: Բանաձևը խորհրդարանի նիստի օրակարգ մտնելու համար արդեն հավաքել է պատգամավորների` անհրաժեշտ քանակի ստորագրություն: Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ բանաձևի ներքո ստորագրել է 337 պատգամավոր:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը ներկայացրել է ԱՄՆ փոխնախագահների դիրքորոշումները հայկական հարցրեի վերաբերյալ։ ԱՄՆ փոխանախագահի` Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թիմ Քեյնը տարիներ շարունակ աջակցել է ԱՄՆ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից հայկական հարցերի արծարծմանն ու լուծմանը: Քեյնը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ռիչմոնդի քաղաքապետ, իսկ այնուհետև Վիրջինիայի նահանգապետ ընտրվելու առաջին իսկ օրերից: 2014թ. լինելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ Քեյնը փոփոխություններ է առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևում և կողմ է քվեարկել այդ բանաձևին: Հայկական խնդիրների վերաբերյալ ակտիվորեն դիրքորոշումներ է արտահայտել նաև  ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսը: 2005թ. լինելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ Փենսը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 195 և 316 բանաձևերին, սակայն 2007 և 2010 թվականներին դեմ է քվեարկել նմանատիպ բանաձևերի: «Դեմ» քվեարկելը Մայք Փենսը բացատրել է, որ կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կարծում է, որ այդ բանաձևերի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Հայաստան և աշխարհ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ Թեհրանում ունեցած քննարկումներից հետո Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ իր երկիրը կեռապատկի Հայաստան արտահանվող գազի ծավալները: Զանգանեն նշել է, որ մինչև 2018թ. ավարտը ծավալները 1 միլիոն խորանարդ մետրից կհասցվեն 3 միլիոն խորանարդ մետրի: Բիժան Զանգանեի խոսքով` նախարար Յոլյանի հետ հանդիպման ընթացքում քննարկման կարևոր թեմաներից մեկն էլ եղել է Հայաստանով իրանական գազի տարանցման հարցը:

Հայաստանում առաջին անգամ այս տարվա սեպտեմբերի 21-ին` Խաղաղության միջազգային, ինչպես ՀՀ անկախության օրը, Գյումրիում  կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը, որի  նախաձեռնողը և հեղինակը MasterPeace միջազգային կազմակերպությունն է: Կազմակերպության կենտրոնական գրասենյակները գտնվում են Եգիպտոսում եւ Նիդերլանդներում, իսկ մասնաճյուղերը` 45 երկրներում, որտեղ նույնպես միաժամանակ կանցկացվի  մրցանակաբաշխությունը:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Սերժ Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով:

ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար փոխհատուցում է 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ առաջին հանրային քննարկումները՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին:Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների և առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման և հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ:

ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը ամրապնդելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնամուխ է եղել ՀՀ-ում «ԱՐՈՒՍ» անվամբ դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը: Կառույցը իրականացրել է ձեռնարկը, կարևորելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում և հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:

Տուրիստական ընկերությունների և հանգստյան տների աշխատակիցների կողմից զգալի չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Միջազգային խճանկար

Գերմանիայի Անսբախ քաղաքում ռեստորանի մոտ տեղի ունեցած պայթյունը կազմակերպել Է մի 27-ամյա փախստական Սիրիայից. նա զոհվել Է միջադեպի ժամանակ: Հուլիսի 24-ին ժամը մոտավորապես 22.00-ին (Երեւանի ժամանակով 24.00-ին) Eugens Weinstube ռեստորանի մոտ տեղի Է ունեցել պայթյուն: Ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ տուժել Է 14 մարդ, ծանր վերքեր ոչ ոք չի ստացել։ Բավարիայի դաշնային նահանգի Ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտարարել է, որ գերմանական Անսբախ քաղաքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է:  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բավարիայի Անսբախ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Տոկիոյի արվարձանում հաշմանդամների տանը սպանդ սարքած ճապոնացին՝ 26-ամյա Սատոսի Ուեամցուն, 2012 թվականի դեկտեմբերից աշխատել Է այդ   հաստատությունում եւ այս տարվա փետրվարին ազատվել Է անձնական պատճառներով: Ուեմացուն կալանավորված Է սպանության փորձի եւ ապօրինի շենք ներթափանցելու պաշտոնական կասկածանքով: Սագամիհարայի հիմնարկությունում հարձակումը, որտեղ ապրում Էին սահմանափակ մտավոր հնարավորություններով մարդիկ, տեղի Է ունեցել հուլիսի 25-ին մոտավորապես 02.30-ին (Երեւանի ժամանակով 21.30-ին): Այդ ժամանակ պանսիոնատում գտնվել են ութ աշխատակիցներ, ինչպես նաեւ մեկ պահակ: Նաեւ այնտեղ կարող Էին լինել 18-ից մինչեւ 75 տարեկան շուրջ 150 կենվորներ: Իշխանությունները հավաստել են 18-ից մինչեւ 75 տարեկան 19  մարդու մահը: Եվս 20 տուժածների վիճակը գնահատվում Է որպես ծանր: ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ Ճապոնիայի Սագամիհարա քաղաքի առողջարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:

Երկու անհայտ անձինք, որոնք ավելի վաղ պատանդներ Էին վերցրել Ֆրանսիայում, չեզոքացվել են: «Դանակներով զինված ահաբեկիչները դուրս են եկել եկեղեցուց եւ գնդակահարվել ոստիկանության հատուկ ստորաբաժանման մարտիկների կողմից»,- հաղորդել Է BFM TV ալիքը: Հուլիսի 26-ին Սենտ Էտիեն դը Ռուվրե քաղաքի (Ծովամերձ Սենի դեպարտամենտ, երկրի արեւմուտք) տաճար Է մտել դանակներով զինված երկու մարդ: Նրանք պատանդ են վերցրել հինգ հոգու՝ կյուրեին, երկու միանձնուհիների եւ երկու ծխականների: Եվս մեկ միանձնուհի կարողացել է հեռանալ եկեղեուց:

Չինաստանի տասը տարածաշրջաններում առնվազն 164 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով: Եվս125 բնակիչ համարվում Է անհայտ կորած։ Տարերքը ոչնչացրել Է 126 հազար շենք, եւս 344 հազար շինություն տարբեր վնասվածքներ Է ստացել:  Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:

Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող արկեր արտադրող ռազմական գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել:Պայթյունը տեղի է ունեցել ռազմամթերք արտադրող «Արազ» գործարանում:  Գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ զոհվել էր մեկ, վիրավորվել 11 մարդ:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Ռուսաստանին խնդրել է թույլատրել պարենային էմբարգոյի տակ գտնվող թուրքական մթերքի արտահանումը: Նա Մոսկվայում բանակցություններ է անցկացրել ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հետ: Հանդիպումից հետո Ուլյուկաեւը լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիայից գյուղապրանքների մատակարարումների սահմանափակումները պետք է վերացվեն փուլերով: 

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից: Ֆիլադելֆիայում ընթացող կուսակցական համագումարի ընթացքում նրա օգտին իրենց քվեներն են տվել բավականաչափ քանակով պատգամավորներ, ինչը նրա համար ապահովել Է առաջադրումը: Քլինթոնը դարձել Է առաջին կինը, որը նախագահության թեկնածու Է առաջադրվել ԱՄՆ-ի երկու քաղաքական կուսակցություններից մեկի կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն «օլիմպիական զինադադար» է հայտարարել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Խաղերի անցկացման ժամանակ, որոնք կսկսվեն օգոստոսի 5-ին:

Թուրքիայի զինված ուժերի ծառայողական կազմից 8,651 մարդ է մասնակցել հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին: Այն կազմում է ամբողջ անձնակազմի 1.5 տոկոսը: Ձախողված հեղաշրջման ընթացքում օգտագործվել են 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 74 տանկ եւ 3 նավ, ինչպես նաեւ փոքր չափերի 3,992 զինատեսակներ: Ենթասպաների եւ զինվորների թիվը կազմել է 1,676: Հեղաշրջման փորձին միացել էր ռազմական ուսումնարանների 1,214 ուսանող: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտնել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո 18 հազար մարդ կալանավորման մասին:

 Սպորտ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվսծ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթել է վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում  նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Ucom ընկերության հովանավորությամբ հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները,  կեսգիշերին Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնել են Ռիո դե Ժանեյրո:  Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց օլիմպիական մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրո: Պատվիրակությունը ղեկավարում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ընթացող շախմատի միջազգային մրցաշարը հատեց վերջնագիծը: Վեցական միավոր հավաքեցին հնդիկ Վիդիտ Սանթոշը եւ ռուս Վլադիսլավ Արտեմեւը: Բայց, քանի որ Սանտոշն ավելի բարձր վարկանիշային միավորներ ուներ, առաջին տեղը բաժին հասավ նրան, իսկ երկրորդ մրցանակակիր ճանաչեց  Արտեմեւը: Երրորդ արդյունքը ցույց տվեց լեհ գրոսմայստեր Յան Դուդան՝ 5,5 միավոր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am