Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային 
մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ այս տարվա սեպտեմբերի 21-ին` Խաղաղության միջազգային, ինչպես ՀՀ անկախության օրը, Գյումրիում  կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը, որի  նախաձեռնողը և հեղինակը MasterPeace միջազգային կազմակերպությունն է:  

Կազմակերպության կենտրոնական գրասենյակները գտնվում են Եգիպտոսում եւ Նիդերլանդներում, իսկ մասնաճյուղերը` 45 երկրներում, որտեղ նույնպես միաժամանակ կանցկացվի  մրցանակաբաշխությունը:

MasterPeace միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմինե Սերոբյանի խոսքով` մրցանակաբաշխության  նպատակն է գտնել հայ հասարակության շրջանում ապրող «մանդելաներին», քաջալերել իրենց շրջապատում, համայնքներում, դպրոցներում եւ համալսարաններում դրական փոփոխությունների իրականացումը անկախ բնագավառից:

«Շատ հաճախ այդ մարդիկ մեծ գործեր են անում հանրության համար, սակայն մնում են ստվերում, հանրությունը չի իմանում նրանց արածների մասին: Եվ մեր նպատակն է խրախուսել այդ մարդկանց ու ներկայացնել հանրությանը, ինչպես նաեւ   երիտասարդներին վարակել իրենց երկրում, համայնքներում դրական փոփոխություններ կատարելու ցանկությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:

Կազմակերպության տնօրենը տեղեկացրեց, որ 1-4 տեղերը զբաղեցրած մասնակիցները կընտրվեն հանրային քվեարկությամբ, իսկ հաղթողին կընտրի ժյուրիի կազմը, որը դեռ ձեւավորման փուլում է:  1-4 տեղերը զբաղեցնողները  կպարգևատրվեն միջազգային վկայագրերով, իսկ հաղթողը` հատուկ միջազգային վկայագրով և Նիդերլանդներից բերված բրոնզե արձանիկով: Արմինե Սերոբյանը նշեց, որ այժմ բանակցում են գործընկերների հետ հաղթողին նաեւ դրամական պարգեւ շնորհելու ուղղությամբ:

Կազմակերպության տնօրենը կարեւորում է մրցանակաբաշխությունը՝ նաեւ միջազգային արձագանք գտնելու համատեքստում:

«Լավ մարդիկ պետք է գնահատված լինեն եւ շնորհակալության արժանանան հանրության կողմից: Մրցանակաբաշխությունը կարեւոր է նրանով, որ ցույց է տալիս, որ մեր կողքին կան նման մարդիկ, որ ցանկացած փոփոխություն սկսվում է հենց մեզանից. ինչու՞ չէ, նաեւ միջազգային հարթակում եւս մեկ  անգամ կհնչի Հայաստանի անունը»,-ասաց Արմինե Սերոբյանը:

Հայտադիմումները կարող են ներկայացվել մինչեւ սեպտեմբերի 15-ը առանց տարիքային սահմանափակման:

«Masterpeace» խաղաղության միջազգային շարժումը ձեւավորվել է  2011  թվականին: Հիմնական նպատակն է բազմաբնույթ սեմինարների և մշակութային միջոցառումների միջոցով տարածել խաղաղության գաղափարը: 2013 թվականին MasterPeace-ը պարգեւատրվել է «Նորամուծություն խաղաղասիրության ոլորտում» մրցանակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am