Կյանքից հեռացել է Արա Շիրազը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մարտի 17-ի գիշերը 73 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանից: Արա Շիրազը փետրվարի 24-ից ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում հիվանդանոցում էր: Շիրազի առողջական վիճակի վատթարացման պատճառը գլխուղեղի կրկնակի ինսուլտն էր: Նրան միացված էր արհեստական շնչառության ապարատ:
Արա Շիրզը ծնվել է 1941թ. հունիսի 8-ին, Երևանում: Բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է: 1966թ. ավարտել է Երևանի թատերական արվեստի ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: 1968թ-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Նրա գործերից են «Պարույր Սևակ», «Եղիշե Չարենց», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Հովհաննես Շիրազ» , «Տիգրան Պետրոսյան», «Վիլյամ Սարոյան», «Վազգեն Առաջին» և այլն: Նրա գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի Ազգային պատկերասրահում: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 1979թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, հետագայում` ժողովրդական նկարչի կոչմանը: Եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում անվանի քանդակագործի հարազատներին:
Լուսանկարը` avproduction.am-ի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում