Հովնանյան բարեգործական հիմնադրամը ՀՀ-ում տարբեր ծրագրերի համար կնվիրաբերի ավելի քան կես մլրդ
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովնանյան Հիմնադրամը պատրաստվում է Հայաստանում բարեգործական ծրագրերի համար նվիրաբերել ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլար` այդպիսով դառնալով ՀՀ պատմության մեջ ամենամեծ մասնավոր հիմնադրամը: Հովնանյանների հինգ զավակներից և նրանց երեք ավագ թոռներից կազմված հիմնադրամի խորհուրդը փոխանցված գումարից տարեկան պետք է բաշխի 25 միլիոն դոլար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, Հովնանյանի բոլոր հինգ զավակները` Սիրանը, Էդիլը, Տանյան, Լիլան և Արմենը, ում վստահված է Հիմնադրամի միջոցների բաշխումը, տարբեր հանձնաժողովների և համազգային խնդիրներն ուսումնասիրող խոշոր խմբերի միջոցով կբացահայտեն կարևորագույն խնդիրները ու կհետևեն, որ յուրաքանչյուր նվիրաբերված դոլարը խոհեմաբար ծախսվի: առաջիկա տարիներին, Հիմնադրամը նպատակ ունի ընտրել համայնքների ղեկավարների և, ելնելով վերջիններիս գաղափարներից, մշակել մոտեցումներ նրանց առաջ քաշած ծրագրերը հնարավորին չափ արդյունավետ իրագործելու համար:
Հրայր Հովնանյանը հայտնի է որպես մեծահասակների համար անհատական հողամասերի վրա կառուցված առանձնատներից բաղկացած խոշոր համայնքների ստեղծման գաղափարի ներմուծողներից մեկը:
Մինչ օրս Հրայր Հովնանյանի բարեգործական ներդրումները գերազանցել են 50 միլիոն դոլարը: 1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հրայր Հովնանյանն առաջին ԱՄՆ քաղաքացիներից էր, ով անձամբ եկավ աղետի գոտի և Հայկական Համագումարի անունից Գյումրիում կառուցեց չորս գործարան, որոնք երկրաշարժից տուժածների համար արտադրում էին բնակարանների կառուցման անհրաժեշտ բաղադրիչներ` բետոնե բլոկներ, դռներ, պատուհաններ և այլն: Նա ամբողջությամբ կոորդինացնում էր գործարանների կառուցման ահռելի գործընթացը` մինչև իսկ անձամբ ղեկավարելով հավաքովի գործարանային շինվածքների բարձումը սովետական բեռնային ինքնաթիռների վրա: Նա շարունակ ճանապարհորդում էր Հայաստան, որպեսզի ապահովեր գործարանների հաջող շահագործումն ու ներդրված յուրաքանչյուր դոլարի առավելագույն արդյունավետությունը: Այդ գործարաններն աշխատում են մինչ օրս:
1972թ. մի շարք այլ հիմնադիրների հետ միասին նա ստեղծել է Ամերիկայի Հայկական Համագումարը և ներկայում այդ կառույցի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հրայրը նաև 90-ականների սկզբներին ստեղծված Հայաստան Համահայկական Հիմնադրամի հիմնադիր անդամներից է և 1997թ. ստեղծված ՀԱԻ-ի` Հայկական Ազգային Ինստիտուտի հիմնադիրը (ANI): Հովնանյան բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ.: Այն ֆինանսավորում է կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ ուղղություններով ծրագրեր:
Հովնանյան բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ.: Այն ֆինանսավորում է կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ ուղղություններով ծրագրեր: Հիմնադրամը գրասենյակներ ունի թե Նյու Ջերսիում և թե Երևանում: Ներկայում հիմնադրամը բարեգործական նպատակներով բաշխում է տարեկան 3 միլիոն ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում և հանձնառություններ ունի 2013թ. համար:
Ներկայում Հրայր Հովնանյանը Երևանի կենտրոնում կառուցում է եկեղեցի ի պատիվ իր տիկնոջ` Աննայի, և հայրապետական նստավայր: Նախագծի նախնական արժեքը 5 միլիոն դոլար է:
Վերջերս Հովնանյանը ավելացրել է նաև ԱՄՆ Վիլանովայի համալսարանին տրվող նվիրատվությունը` հասցնելով այն 1,7 միլիոն դոլարի և բարձրացնելով Հովնանյանի անվան կրթաթոշակը, որը կարող են ստանալ հայկական ծագումով բոլոր ուսանողները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում