Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն 
հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր երկրների միջեւ ձեւավորված է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ, եւ Հայաստանը հետաքրքրված է Արգենտինայի հետ հարաբերությունների խորացմամբ բոլոր ուղղություններով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը փաստել է երկու երկրների միջեւ վաղեմի բարեկամական հարաբերությունների մասին` կարեւորելով Արգենտինայի հայ համայնքի դերն Արգենտինայի Հանրապետության մշակութային եւ հասարակական կյանքում:

Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին` զրուցակիցները կարեւորել են բարեկամական խմբերի եւ երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ ապավինում է միջազգային բոլոր գործընկերների աջակցությանն այս հարցում:

«Արգենտինան տեսնում է Հայաստանի Հանրապետության ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում: Մենք վստահաբար աջակցում ենք այս գործընթացին եւ հուսով ենք, որ այն շուտով կիրագործվի»,- նշել է դեսպանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am