Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Երասխի վարչական ղեկավարը վստահեցնում է՝ գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով խուճապային տրամադրություններ չկան

Երասխի վարչական ղեկավարը վստահեցնում է՝ գյուղում ադրբեջանական կողմի 
կրակոցների հետևանքով խուճապային տրամադրություններ չկան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական ղեկավար Սարո Այվազյանը վստահեցնում է, որ վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից բնակավայրում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակոցների հետևանքով Երասխի բնակիչների շրջանում որևէ խուճապ չկա, գործարանի կառուցման աշխատանքներն էլ նույն տեմպով շարունակվելու են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Այվազյանն ընդգծեց, որ ադրբեջանցիները Երասխի հատվածում սկսել են կրակել վերջին երկու օրերին, կրակոցները կարճ են տևել՝ 15-20 րոպե, թիրախում եղել է հայ և ամերիկացի գործարարների կողմից կառուցվող մետալուրգիական գործարանը։

«Նրանք ցանկանում են խափանել գործարանի կառուցումը, թույլ չտալ, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա։ Հիմնական պատճառը սա է»,- ասաց Երասխ համայնքի վարչական ղեկավարը։

Կառուցվող գործարանն ադրբեջանական դիրքերից 400 մետր հեռավորության վրա է, նրանց անմիջական թիրախի տակ է, սակայն, Սարո Այվազյանի խոսքով, գործարանի ղեկավարությունը հաստատակամ է շինարարությունը նույն տեմպերով շարունակելու հարցում։

«Գյուղում էլ տրամադրությունների անկում չկա, բնականոն կյանքը շարունակվում է։ Երասխում հիմա սպորտդպրոց է կառուցվում, գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում։ Բոլոր աշխատանքներն արվում են, խուճապ ընդհանրապես չկա»,- մանրամասնեց Սարո Այվազյանը։

Նրա խոսքով՝ Երասխում չկա մի բնակիչ, որին կարող են վախեցնել ադրբեջանական կողմի կրակոցները։ Այվազյանը վստահեցնում է՝ գյուղից հեռանալ ցանկացողներ չկան, իսկ այն պահից, ինչ սկսվել է մետալուրգիական գործարանի կառուցումը, գյուղից նաև արտագնա աշխատանքի մեկնողներ չկան։

Գործարանի շինարարական աշխատանքների վրա աշխատում են հիմնականում Երասխի և հարակից գյուղերի բնակիչներ, նաև՝ օտարերկրացիներ։ Սարո Այվազյանն ընդգծում է՝ որքան գործարանի շինարարությունն առաջ գնա, իսկ գործարանն ընդլայնվի, այնքան շատ աշխատատեղեր են լինելու։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am