Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր 
քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հունվարի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը՝ կարևորելով ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացումը։

«Զրույցի ընթացքում անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ Արման Խաչատրյանը շեշտեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Արցախ միջազգային կազմակերպությունների անխափան մուտք ունենալու, ինչպես նաև ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։ Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ գլխավոր քարտուղար Պեյչինովիչ Բուրիչը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am