Ռուստամ Բադասյանը պարզաբանել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխությունները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջի գրառմամբ պարզաբանել է ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը։ «Սա ևս վկայություն է բարեփոխումներ իրականացնելու իրական քաղաքական կամքի մասին»,- ընդգծել է Բադասյանը։
Ներկայացնելով նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը պարզաբանել է.
«Վարույթի ամրագրումը դարձնում ենք էլեկտրոնային․ ներդնում ենք նախաքննության թվայնացման ծրագիր։
- Սահմանում ենք իրավունքի չարաշահման արգելք։ Ներկայում մեր հանրությունը մեծ դժգոհությամբ հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննություն այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրավունքի չարաշահում են իրականացնում։ Սա կարգելվի․ նման դեպքերում կկիրառվի սանկցիա։
- Ներդնում ենք պահեստային դատավորի գաղափարը։ Գիտենք, որ ծավալուն քրեական գործերի դեպքում, եթե դատավորը ինչ-ինչ պատճառներով փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է։ Այս նախագծով նման դեպքերի համար դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում։ Բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինի գործի քննությունը սկսել նորից։
Նախագծով նաև մի շարք սկզբունքային նորամուծություններ ենք անում․
- Հնարավորինս ընդլայնում ենք խափանման միջոցների շրջանակը․ նախատեսում ենք խափանման միջոցի այնպիսի նոր տեսակներ, ինչպես օրինակ՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլն (էլեկտրոնային բրասլետների գնումն արդեն նախատեսված է)։
- Ներդնում ենք համագործակցության վարույթի ինստիտուտը․ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք, որի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի մեղմ պատժատեսակ կամ ազատվել պատժից պայմանականորեն կամ, առհասարակ, ազատվել պատժի կրումից։
- Ներդրվել է նաև հեռակա դատաքննության ինստիտուտը։ Քննությունից խուսափող անձանց մասով հնարավոր կլինի սկսել դատական քննության փուլը»։
Ռուստամ Բադասյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակած աշխատանքային խմբին, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցներին, աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանին՝ կատարված մեծածավալ աշխատանքի համար։