ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստվերային տնտեսությունը վերջին 3 տարիների ընթացքում նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:
«Թե՛ Ֆինանսների նախարարության, թե՛ Պետական եկամուտների կոմիտեի գնահատականներով՝ ստվերային տնտեսությունը վերջին 3 տարիների ընթացքում նվազել է: Մեր գնահատականներով՝ 2022 թ. հիմնական հարկատեսակների գծով (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ) ճեղքը կազմել է ՀՆԱ–ի 3.06 տոկոսը, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0.5 տոկոսային կետով: Ընդ որում, 2023 թ․ հարկեր–ՀՆԱ 24.1 տոկոս հարաբերակցությունը դրա նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 1 տոկոսային կետով»,–ասաց Բադասյանը:
ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ դա տեղի է ունեցել տնտեսական գործոնների և վարչարարության բարելավման արդյունքում: Նրա խոսքով՝ հարկեր–ՀՆԱ ցուցանիշը 2020 թվականի 22.6 տոկոսի նկատմամբ 2025 թվականի արդյունքներով կկազմի 25 տոկոս:
Նա, այնուամենայնիվ, նշեց, որ ստվերային տնտեսությունն առավել վառ արտահայտված է մի շարք ոլորտներում՝ չմանրամասնելով դրանք: «Մեր ուղիղ պարտականությունն է խնդիրներ լուծել ոչ միայն ֆիսկալ առումով: Եթե մենք մեր վարչարարությունը չիրականացնենք բոլոր ոլորտներում և ակտիվ չպայքարենք ստվերի դեմ, դա տարբեր շուկաներում կխաթարի մրցակցությունը: Մենք տարբեր խնդիրներ ունենք, այդ թվում՝ կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշներին հասնելը»,–ասաց ՊԵԿ նախագահը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ կառույցի աշխատանքը շարունակական է լինելու: