ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ձգտում է ոչ միայն ապահովել տնտեսական և հարկային լավ արդյունքներ, այլ նաև սահմանել ավելի բարձր նշաձողեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:
Այս տարի, ըստ ՊԵԿ նախագահի, տնտեսական արդյունքները թեև լավ են, սակայն ակնկալվածից փոքր-ինչ ցածր են։
«Մենք պլանավորում էինք, որ անվանական ՀՆԱ-ն կաճի 11 տոկոսով, նոր կանխատեսմամբ՝ անվանական ՀՆԱ-ն կաճի 7 տոկոսով, ինչը ևս վատ ցուցանիշ չէ: Բնականաբար, ակտուալ չէ նախապես ծրագրված թիվը, որովհետև արդեն նոր կանխատեսում ունենք. այսինքն՝ 2 տրիլիոն 611 միլիարդ դրամ էր ակնկալվում, եթե անվանական ՀՆԱ-ն աճեր 11 տոկոսով, նոր կանխատեսված ցուցանիշներով ակնկալում ենք 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ: Տարվա ավարտին նոր հնարավոր կլինի ամփոփել արդյունքները»,- նշեց Բադասյանը։