Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին, շրջանավարտներին և գործընկերներին՝ նշելով, որ ֆակուլտետը Հայաստանի գիտության, ԵՊՀ-ի կարևորագույն կառույցներից մեկն է:

«Իմ կյանքում թե՛ որպես ուսանողի, թե՛ որպես դասախոսի, և թե՛ որպես քաղաքական գործչի՝ արևելագիտության ֆակուլտետը կարևոր դերակատարություն է ունեցել: Ֆակուլտետն ունի ակադեմիական լուրջ ավանդույթներ. ես դա զգացել եմ ինձ վրա, երբ արտասահմանում ուսանելիս համեմատել եմ իմ ստացած գիտելիքները համակուրսեցիներիս հետ՝ Դամասկոսի, Մոսկվայի և այլ գիտահետազոտական կենտրոններում: Արևելագիտության ֆակուլտետը նաև կարևոր քաղաքական դարբնոց է եղել.ոչ միայն Խորհրդային Միության տարիներին, այլ նաև 90-ականներին, 2000-ականներին, առավել ևս վերջին իրադարձությունների ընթացքում ֆակուլտետի ուսանողները և դասախոսները ակտիվ գործունեություն են ծավալել: Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս՝ ցանկանում եմ ընդգծել դրա առանձնահատկությունը, այն է՝ ակադեմիական ազատ մշակույթի, նվազագույն վարչարարության և իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը, որը դաստիարակել է բաց մտածելակերպ, բազմամշակութայնություն, հանդուրժողականություն և ժամանակակից կյանքում հաջողության գրավական հանդիսացող բազմաթիվ այլ կարողություններ»,-նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հատկությունների շնորհիվ է, որ յուրաքանչյուր գերատեսչությունում արևելագետները մեծ ներդրում ունեն և կարողանում են ինքնադրսևորվել նույնիսկ ոչ մասնագիտական գերատեսչություններում:

«50 տարին մեկ անգամ մարդու կյանքում այն բնագիծն է, երբ կուտակված փորձն ու ձևավորված կենսակերպը վերածվում են ծրագրերի և իրագործվում են: Այսօր մեր երկիրը, այդ թվում նաև ԵՊՀ-ն լուրջ փոփոխությունների առջև են կանգնած, որովհետև 21-րդ դարն այլ պահանջներ է ենթադրում: Պետք է չլինեն այսպիսի իրավիճակներ, երբ ճնշվում են ակադեմիական ազատությունները, բուհերի ինքնավարությունը: Վստահ եմ, որ հավաքագրելով առողջ ուժերը՝ ԿԳՆ-ի անմիջական գործընկերային հարաբերությունների համատեքստում մենք կարող ենք հասնել հաջողության»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ կարվի առավելագույնը, որպեսզի արևելագիտության ֆակուլտետը հետայսու ևս լուրջ դերակատում ունենա կրթության և գիտության զարգացման և քաղաքացու ձևավորման հարցում:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո մեկնարկել է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը:

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը