Հայկ Մարությանը խոստանում է Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ավելացնել մանկապարտեզների թիվը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը խոստանում է մանկապարտեզների շենքային պայմանների և սննդի որակի զգալի բարելավում, ինչպես նաև փոփոխություններ պոլիկլինիկաներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարությանն այս մասին ասաց Նուբարաշեն համայնքում կայացած նախընտրական հանրահավաքում:

«Մանկապարտեզներում ունենք շենքային պայմանների լուրջ խնդիր: Դրանց քիչ քանակի պատճառով շատ երեխաներ դուրս են մնում մանկապարտեզներից: Սննդի որակը ևս անհանգստացնող է. թունավորման դեպքեր են եղել:Սնունդ մատակարարող ընկերությունների առաջ շատ խիստ պահանջներ ենք դնելու, միայն լիցենզիա ունեցող ընկերություններն են մասնակցելու մրցույթին: Պետք է պարզենք նաև, թե շատ մանկապարտեզների շենքներ ո՞ւմ են վաճառվել կամ վարձով տրվել: Բոլոր հնարավոր շենքները հետ ենք վերադարձնելու մեր համայնքներին, և դրանք անպայման նորոգելու ենք»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Խոսելով Երևանի պոլիկլինիկաների մասին` նա նկատեց, որ դրանցից շատերը վատ վիճակում են գտնվում: Նախատեսում են բարելավել շենքային պայմանները: Մարությանն իրենց ծրագրում էապես կարևորեց նաև կանխարգելիչ բժշկությունը: «Մեր բնակիչները չպետք է միանգամից գնան հիվանդանոց, մենք պետք է ապահովենք կանխարգելող բժշկություն: Նրանք պետք է բուժվեն ամբուլատոր պայմաններում, որպեսզի հարցը չհասնի հիվանդանոցներին: Սրա համար համալիր միջոցառումներ ենք անելու Առողջապահության նախարարության հետ»,-նշեց Մարությանը:

Պոլիկլինիկաները համալրվելու են նաև բուժտեխնիկայով: Իսկ երևանցիներին երկար հերթերից զերծ պահելու համար նախատեսում են ներմուծել էլեկտրոնային հերթագրման համակարգ:

Քաղաքապետի թեկնածուն խոսեց նաև համատիրությունների մասին: Նկատեց` դրանք մինչ այսօր ստեղծված են եղել ոչ թե իրենց գործառույթը կատարելու, այլ փողը հավաքելու և ոչինչ չանելու, ընտրությունների համար ընտրակաշառք բաժանելու համար: «Համատիրության նախագահը շենքի ժողովրդի ժողովի արդյունքում պետք է ընտրվի: Գործառույթները պետք է լինեն թափանցիկ, դուք պետք է իմանանք ամեն լումայի մասին: Համատիրությունները պետք է աշխատեն մասնագիտացված ընկերությունների` վերելակ, տանիք վերանորոգողների հետ»,- ընդգծեց քաղաքապետի թեկնածուն:

Նա կարևորեց նաև արդար եղանակով համատիրությունների նախագահների ընտրությունն ու ամեն ինչ զրոյից սկսելը:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո