Երևան

Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսել հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ

5 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսել հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում անցկացրեց բողոքի ակցիա՝ «Առավելագույնը 100 դրամ» խորագրով, որով տրվեց հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ ստորագրահավաքի մեկնարկը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին հայտնեց, որ թեև տրանսպորտային փոխադրումների որակը գնալով բարձրանում է, սակայն ռեֆորմը դեռ չի հասել իր ավարտին, և դեռ բավականին մեծ աշխատանք կա անելու։ 

«Նոր շարժակազմերը, բնականաբար, պահանջում են նոր ծախսեր, բայց պետք է գիտակցել նաև, որ մայրաքաղաքի հանրային տրանսպորտը ծառայում է մասնավորապես և հիմնականում այն քաղաքացիներին, ովքեր տեղափոխության այլ տարբերակ չունեն։ Փաստացի տրանսպորտից օգտվում են գլխավորապես նրանք, ովքեր ֆինանսապես այդքան էլ ապահովված չեն, հետևաբար մեր մայրաքաղաքի տրանսպորտը սոցիալական է։ Զրուցել ենք շատերի հետ, և այս ստորագրահավաքը նաև դրա հիմքում է ընկած, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ ասում են, որ իրենց ձեռնտու չէ տրանսպորտի թանկացումը։ Նոր գները նրանց համար ուղղակի անհասանելի են։ Կան տարբեր փաթեթներ, որոնցում ներառված են տարբեր սակագներ։ Մեզ ասում են, որ այդ փաթեթները մշակված են, սակայն հանրային տրանսպորտի սակագների թանկացման հիմքում իրատեսական ոչ մի հաշվարկ չկա»,- նշեց Մարությանը։  

Նա տեղեկացրեց, որ համապատասխան հարցումներով դիմել են քաղաքապետարան, բայց այնտեղից իրենց ոչ մի հաշվարկ չեն ներկայացրել։ Իրենք առաջարկում են, որ այդ փաթեթները մնան, քանի որ կատարվել է որոշակի աշխատանք, պարզապես միակ կետը, որ պահանջում են ավելացնել, այն է, որպեսզի տոմսը մնա միասնական և մեկ տոմսը բոլորին հասանելի լինի 100 դրամով։  

«Մենք սկսում ենք ստորագրահավաք, որովհետև բոլորը դեմ են թանկացմանը։ Մարդիկ ոչ թե չեն ցանկանում ավել վճարել, այլ պարզապես այդ հավելյալ գումարը չունեն, հետևաբար տրանսպորտից օգտվելու համար պետք է կտրեն իրենց հանապազօրյա կարևոր այլ ծախսերից։ Ինքնին հասկանալի է, որ ամբողջ աշխարհում տրանսպորտն իսկապես թանկարժեք միջոց է, սակայն նույն արտասահմանյան երկրներում գործում է պետական սուբսիդավորումը»,- նշեց Երևանի նախկին քաղաքապետը։ 

Մարությանի պնդմամբ՝ խնդրի լուծումը քաղաքային իշխանությունների ձեռքում է։ Ոչ ոք կողքից նրանց չի կարող խանգարել։ Ըստ նրա՝ քաղաքապետարանին ձեռնտու է, որ բյուջե մտնեն մեծ գումարներ։ Միայն շինթույլտվություններից, կարմիր գծերից և գույքահարկից ստացվում են ահռելի գումարներ, դրանք կազմում են միլիոնավոր դոլարներ, որոնց մի մասը կարելի է ուղղել տրանսպորտի սուբսիդավորմանը։ Դրա փոխարեն, Մարությանի կարծիքով, զուգահեռաբար իրականացվող բազմաթիվ ծախսեր այսօր ուղղակի պատճառաբանված չեն, մինչդեռ տարբեր աղբյուրներից լցվող բյուջեն հենց սոցիալական ծրագրեր իրականացնելու համար է։    

Մարությանը հայտնեց, որ եթե իրենք ապահովեն համարժեք հասանելիություն զգալի թվով քաղաքացիների շրջանում, ապա կհավաքեն 500 հազար ստորագրություն։ Նախաձեռնության արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնեն համաքաղաքացիներին։ Նվազագույնը 50 հազար ստորագրություն ապահովելու պարագայում՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը Երևանի ավագանու նիստում կներկայացնի տրանսպորտային սակագների դեմ ուղղված հանրային բողոքն ու ամեն ինչ կանի, որպեսզի թանկացում չլինի։ 

Մարությանը հայտնեց նաև, որ նախաձեռնության անդամներն ու կամավորները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կշրջեն՝ մարդկանց ստորագրությունները հավաքելու նպատակով։ Նրանք կկրեն «Առավելագույնը 100 դրամ» գրառմամբ շապիկներ ու գլխարկներ։ Նախաձեռնող խմբի հետ կապ հաստատելու համար քաղաքացիները կարող են զանգել նաև  094 19 99 55 հեռախոսահամարով։  

Ստորագրահավաքը մեկնարկեց Հյուսիսային պողոտայից, նախաձեռնող խմբի անդամներն ու կամավորները քաղաքացիներին առաջարկում էին ստորագրել նախապես պատրաստված թերթիկում հետևյալ գրառման ներքո․ «Դեմ եմ Երևանի տրանսպորտի թանկացմանը։ Պահանջում եմ, որ 1 ուղևորության համար ուղեվարձը կազմի առավելագույնը 100 դրամ»։   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում