Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեղմացում է արել իր քաղաքացիների համար Հայաստանի այցելությունների առնչությամբ արվող հորդորների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկումներին, որ Միացյալ Թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել սահմաններին 5 կմ մոտենալ, չերթևեկել Նոյեմբերյան–Իջևան ճանապարհով:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արձագանքեց. «Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները: Իրականում մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաներում»:
Միրզոյանն արձանագրեց, որ հանվել է ավելի խիստ դիրքորոշումը:
Նա հավելեց՝ պատգամավորի մատնանշածը եղել է նաև նախկին տեքստում, նա պարզապես ուշադրություն չի դարձրել հանված հատվածին:
Մեծ Բրիտանիան նախորդ՝ 2024թ մայիսին արված հայտարարության մեջ ահաբեկչությանը վերաբերող հատվածում նշել էր. «Չի կարելի բացառել ահաբեկչությունները Հայաստանում: Դուք պետք է տեղյակ լինեք չդիսկրիմինացված ահաբեկչական հարձակումների համաշխարհային ռիսկի մասին, որոնք կարող են լինել հասարակական վայրերում, այդ թվում այն վայրերում, որտեղ այցելում են արտագաղթյալները և օտարերկրյա ճանապարհորդները»:
Հունվարի 17–ին թարմացված տեքստում Մեծ Բրիտանիան արդեն նշել է, որ թեև Հայաստանում չկա վերջերս տեղի ունեցած ահաբեկչության պատմություն, սակայն չի կարելի բացառել հարձակումները։ Հարձակումները կարող են լինել չդիսկրիմինացված, այդ թվում այն վայրերում, որտեղ այցելում են օտարերկրյա քաղաքացիները: