Իրան

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

2 րոպեի ընթերցում

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հոկտեմբերի 5-ին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՄԱ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:

Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են  ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:

Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ընթացիկ ծրագրերին: Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները: 

Նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում