Իրավունք

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

3 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Շահագրգիռ բոլոր կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկումը: Հանդիպմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՊԴ 4-րդ  շրջանի զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև այն խոչընդոտներին և մարտահրավերներին, որոնց բախվել է երկիրն իր կողմից մշակված քայլերը կամ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու ընթացքում:

ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է զեկույցի կառուցվածքը, դրանում ընդգրկված թեմաների ընտրության առաջնահերթությունը, հաշվետու ժամանակահատվածում միջազգային հարթակներում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի կողմից կատարած աշխատանքը:

Ըստ աղբյուրի՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն շրջանակի շուրջ, մասնավորապես, քննարկվել է նախորդ դիտարկման ընթացքում Հայաստանի կողմից ընդունված հանձնարարականների իրականացման ընթացքը, անդրադարձ է կատարվել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների, ինչպես նաև պաշտպանության կարիք ունեցող առանձին խմբերի իրավունքներին վերաբերող հարցերին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Զեկույցի նախագծի վերաբերյալ հանդես են եկել մի շարք մեկնաբանություններով և լրացումներով:

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1031-Ա որոշման, Հայաստանում ներդրվել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ, որի կազմում ընդգրկված են գործադիր, օրենսդիր և դատական համակարգի ներկայացուցիչները: Այս հարթակը բաց է Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում