Քաղաքականություն

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնել, այն կոչվում է «Նոր ուժ»:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ կուսակցության հիմնադիր համագումարն անցկացվեց մայիսի 1–ին Երևանում:

«Կուսակցությունը սոցիալ–դեմոկրատական ուղղվածություն ունի: Մենք, բնականաբար, համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն: Բացի այդ, մենք սահմաններ չենք դնելու՝ համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը և չեն փորձում ուղղակի իրենց քաղաքական, կուսակցական շահերի համար երկրի ապագան խեղաթյուրել»,– լրագրողների հետ զրույցում ասաց Մարությանը:

Ըստ նրա՝ ինքն ու իր թիմն աշխատել են 3 տարի՝ ցույց տալով, որ հնարավոր է աշխատել ազնիվ, հնարավոր է 3 տարում արդյունք ունենալ: «3 տարվա մեջ մենք ցույց ենք տվել այն արդյունքը, որը բոլոր երևանցիները տեսել են: Մեր ուժը ուզում է այդ արդյունքները ցույց տալ ամբողջ պետությունով: Այո, հնարավոր է դա անել»,–նշեց նա:

Մարությանն ընդգծեց՝ բոլոր քաղաքական ուժերին իրենց ուղերձը հետևյալն է՝ եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամանակը:

Թե ինչպես է կուսակցությունը պատրաստվում իշխանության գալ հարցին Մարությանը պատասխանեց, որ պատրաստվում են հերթական ընտրություններին: «Կուսակցության ստեղծումը նախապատրաստական աշխատանք է, որ գնանք հերթական ընտրությունների: Եթե գործընթացները զարգանան ավելի արագ, եթե ժողովուրդը ցույց տա, որ արդեն պատրաստ է արտահերթ ինչ–որ գործողությունների, բնականաբար, մեր քաղաքական ուժն այդ ամենի կիզակետում կլինի»,–ասաց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում