Լուսաշողի համայնքապետի պաշտոնակատար ուսանողուհին մարտական է տրամադրված

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հունիսի 27-ին Լուսաշող համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել: Սեփական դիմումի համաձայն պաշտոնից հրաժարված համայնքի նախկին ղեկավարին փոխարինել է Նարինե Գալստյանը: Նարինեն դեռևս 2016թ.-ից է սկսել համայնքի խնդիրները բարձրաձայնելու ու դրանց լուծում տալու ուղղությամբ քայլեր ձեռնարկել ու նրա խոսքով` իրադարձությունների այսպիսի զարգացումն իր համար լավագույն հնարավորությունն էր:

«Քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո որոշեցինք ավելի հստակ անդրադառնալ առկա խնդիրներին: Սկսեցինք դիտարկել մեր համայնքի բյուջեն, ավագանու նիստերում կայացրած որոշումները, ու համայնքի ղեկավարը, իսկապես սթափ գիտակցելով իրավիճակի լրջությունը, որոշեց սեփական դիմումի համաձայն հրաժարական տալ: Քանի որ նախաձեռնողների կազմում մենք էինք, առաջարկվեց ինձ՝ ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի դերը, ու համաձայնեցի»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասում է Նարինե Գալստյանը:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելն, այնուամենայնիվ, պարտավորեցնում է երիտասարդ աղջկան, սակայն հայրենի գյուղի խնդիրները լուծելու հնարավորությունն ու պատրաստակամությունը ավելի շատ ուժ ու եռանդ են տալիս:

«Հատկապես գյուղի պայմաններում ինքնակառավարման մարմնի ղեկավար լինելը շատ ավելի նուրբ հարց է, քան, օրինակ, դա կլիներ քաղաքում, բայց կա ցանկություն ու ոգևորվածություն` լուծելու մեր ունեցած խնդիրները»,- նշում է համայնքի ղեկավարը:

Նարինե Գալստյանը ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնելուց առաջ արդեն առանձնացրել էր Լուսաշողում առկա այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, բայց դրանց հետ մեկտեղ պատրաստվում է լսել նաև համագյուղացիների կարծիքը:

«Բնակիչների հետ հանդիպում-քննարկում կունենանք. միգուցե, նրանք էլ բարձրացնեն այնպիսի խնդիրներ, որոնք մենք չենք դիտարկել, բայց առաջնային են բուժաշխատողի և հանրային տրանսպորտի բացակայության, մշակույթի տան վերանորոգման ու գազաֆիկացման կամ այլընտրանքային համակարգի ստեղծման խնդիրները»,- ասում է Նարինե Գալստյանը:

25-ամյա գյուղապետը ուսանողուհի է: Սովորում է Չեխիայի Զլին քաղաքի Թոմաս Բաթայի համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսում` մարքեթինգ և կառավարում մասնագիտությամբ: Այս շրջանում ուսումնառությունն ու աշխատանքը իրար չեն խանգարում:

«Քանի որ ժամանակավոր պաշտոնակատար եմ, իսկ դասերս սկսվելու են սեպտեմբերի վերջում, պատրաստ եմ զոհել այդ 20 օրը` լինել այստեղ, իսկ հետո մեկնել ու շարունակել ուսումս»,- ասում է ուսանողուհին:

Նարինեն պատրաստ է նաև հրաժարվել օրենքով իրեն հասանելիք ծառայողական ավտոմեքենայից ու աճուրդի հանել այն: Կատակում է, թե մեքենան իրեն պետք չէ, որովհետև երիտասարդ գյուղապետին սեփական մեքենայով տնից աշխատանքի և աշխատանքից տուն է տանում հայրը:

«Գյուղապետարանն ուներ հին մեքենա, բայց մեր նախկին գյուղապետը նորն էր գնել ու հինը դրել աճուրդի: Հիմա պատրաստվում ենք նոր մեքենան դնել աճուրդի, քանի որ այն շատ մեծ գումարով է գնվել և, եթե այդ գումարը հետ վերադարձվի համայնքի բյուջե, մեզ համար շատ մեծ քայլ կլինի»,- ասում է Լուսաշող համայնքի ղեկավարը:

Նարինե Գալստյանի խոսքով` ինքն անկուսակցական է ու երբեք որևէ կուսակցության չի անդամակցել:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ․ ՔԿ

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի պաշտպանության նախարար

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը

Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի