Զելենսկին հորդորել է ավելացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «առանց ճնշման չի ավարտի պատերազմը»՝ այն բանից հետո, երբ Մոսկվան հարձակում է իրականացրել Կիևի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը, Զելենսկին նման հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ հարվածների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Հարվածների թիրախում են եղել քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, ծննդատուն, էներգետիկ ենթակառուցվածքներ և լոգիստիկ օբյեկտներ։
Նա հավելել է, որ փրկարար ծառայությունները շարունակում են աշխատել շենքերի փլատակների տակ արգելափակված մարդկանց փրկելու ուղղությամբ։
Կիևի քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարվածներից վնասվել է նաև համաժողովների կենտրոնը, որտեղ տեղակայված է Զելենսկիի կուսակցության կենտրոնական գրասենյակը։
«Յուրաքանչյուր նման հարձակում տեղի է ունենում այն պատճառով, որ ագրեսորի նկատմամբ ճնշումը երբեք ամբողջական չի դարձել։ Հենց հիմա Միացյալ Նահանգները հնարավորություն ունի վճռականորեն արձագանքելու», - ասել է Զելենսկին՝ ընդգծելով Ուկրաինային լրացուցիչ հակահրթիռային միջոցներով ապահովելու անհրաժեշտությունը։
Ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումից առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «զրոյական պացիենտ»՝ նշելով, որ որքան մեծ է նրա գործողությունների ազատությունը, «այնքան ավելի վտանգավոր է աշխարհը բոլոր մյուսների համար»։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է սահմանափակել Պուտինի գործողությունների հնարավորությունները և թույլ չտալ, որ նա «այս չարիքը հետագայում տարածի»։
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան տեղեկություններ ունի այն մասին, որ 47 երկրների քաղաքացիներ միացել են Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նրա խոսքով՝ նրանցից շատերը դարձել են Մոսկվայի «խաբեության և խորամանկությունների» զոհ։
Զելենսկիի խոսքով՝ բացի Հյուսիսային Կորեայից, այդ երկրների թվում են Նեպալը, Տաջիկստանը, Հնդկաստանը, Եմենը, Քենիան, Զիմբաբվեն, Կուբան, Բելառուսը, Սուդանը և Հարավային Աֆրիկան։ Նա հավելել է, որ նրանցից ոմանք «զոհվել են մարտի դաշտում»։
«Ես ուզում եմ ուղղակիորեն դիմել այս 47 երկրների յուրաքանչյուր ներկայացուցչի։ Դուք գիտեք, թե ինչ է Ռուսաստանը անում ձեր քաղաքացիների հետ։ Հոգ տարեք նրանց մասին և թույլ մի տվեք, որ նրանք հայտնվեն մեկ այլ ճակատում», - ասել է Զելենսկին։
Նա նաև ցանկություն է հայտնել հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։