ԱԺ առաջին նիստ, կառավարության հրաժարական, վարչապետի նշանակում. ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին
6 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը կբացվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։ Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստերը կվարի նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։ Հասանովը ծնվել է 1945 թվականի հունվարի 17-ին։ Նա պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընտրական ցուցակով։
Իններորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Այսպիսով՝ խորհրդարանը կունենա ընդհանուր առմամբ 105 պատգամավոր։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է մանդատների ավելի քան 52 տոկոսը և, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, համարվելու է կառավարող խմբակցություն։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները կլինեն ընդդիմադիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ին առաջին նստաշրջանի բացման առթիվ սպասվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի ելույթը։ Դրանից հետո պատգամավորները կտան Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդումը և կստորագրեն երդման տեքստը։
Երդումից հետո նիստը նախագահողը պաշտոնապես կհայտարարի պատգամավորների ընդհանուր թիվը, կներկայացնի պատգամավորներին և այն քաղաքական ուժերը, որոնց ցուցակներով նրանք ընտրվել են։ Այնուհետև պատգամավորները կգրանցվեն։
Առաջին նստաշրջանի օրակարգում նախ նախատեսված է հաշվիչ հանձնախմբի ստեղծումը, որից հետո խորհրդարանը կանցնի Ազգային ժողովի նախագահի ընտրությանը։ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի յուրաքանչյուր խմբակցություն։ Նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ընտրվելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 53 կողմ ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրի Ռուբեն Ռուբինյանին։ Կուսակցության վարչությունը երկու փոխնախագահների թեկնածուներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։
Խորհրդարանն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության պատգամավորների կազմից։ Փոխնախագահները ևս ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ առնվազն 53 ձայնով։
Հուլիսի 29-ի դրությամբ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում հրապարակված չէ, թեև լրատվամիջոցներում շրջանառվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված Արամ Վարդևանյանի անունը:
Առաջին նստաշրջանում Ազգային ժողովը կորոշի մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները, գործունեության ոլորտները և անդամների ընդհանուր թիվը, ապա կընտրի դրանց նախագահներին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հուլիսի 29-ին փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։
Օրակարգում առանձին հարցով ներառված է նաև Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ Սա առաջին նստաշրջանի նորույթներից է․ 2026 թվականի հուլիսին ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններով նորընտիր խորհրդարանի առաջին Էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի հենց առաջին նստաշրջանում։
Նորընտիր Ազգային ժողովի դեպքում վարչապետի նշանակման ընթացակարգը տարբերվում է վարչապետի հրաժարականից կամ պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերից։
Օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությունը հրաժարական կտա. գործադիր իշխանության անդամները կշարունակեն իրենց գործունեությունը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում կայուն խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը խորհրդարանում ունենալու է 64 մանդատ և ինքնուրույն ձևավորելու է կայուն մեծամասնություն։ Կուսակցության՝ ընտրությունների համար հաստատված վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար, սահմանադրական ընթացակարգով խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի նրա թեկնածությունը, իսկ Հանրապետության նախագահը նրան կնշանակի վարչապետ։
Վարչապետի նշանակումից հետո Կառավարությունը պետք է կազմավորվի 15 օրվա ընթացքում։ Վարչապետը նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին ներկայացնում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը նրանց նշանակում է երեք օրվա ընթացքում կամ դիմում Սահմանադրական դատարան։
Կառավարության կազմավորումից հետո վարչապետը 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը։ Խորհրդարանն այն քննարկում և հավանության է արժանացնում յոթնօրյա ժամկետում՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, այսինքն՝ առնվազն 53 ձայնով։