Իրան

Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։

«Դիվանագիտությունը նշանակում է ուղիղ երկխոսություն, նույնիսկ դժվարին պայմաններում։ Մեր զրույցը կենտրոնացած էր մեր երկրների միջև լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերի վրա։ Մենք պայմանավորվեցինք պահպանել հաղորդակցության գործող ուղիները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Սիբիհան X-ում։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում և Եվրոպայում տիրող իրավիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

«Ես վերահաստատեցի Ուկրաինայի դիրքորոշումը՝ ի աջակցություն մեր երկու տարածաշրջաններում խաղաղության և կայունության հնարավորինս շուտ վերականգնման», - նշել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Կիևի և Թեհրանի հարաբերությունները լրջորեն լարվել էին այն մեղադրանքներից հետո, թե Իրանը Ռուսաստանին մատակարարել է «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Բացի այդ, վերջերս Իրանն Ուկրաինային մեղադրել էր Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ։ Դեպքից հետո Իրանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ում պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ կատարվածը «թշնամական և հանցավոր գործողություն» է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում