ԱՄՆ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների հարցը
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում քննարկել են Ռուսաստանի և Իրանի հետ տնտեսական հարաբերություններ ունեցող երկրների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ Թրամփը ստորագրել էր Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին 2026 թվականի ակտը, որը միտված է ուեժղացնել տնտեսական ճնշումն այդ երկրների նկատմամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ Ռուբիոն և Ջայշանկարը «քննարկել են Ռուսաստանի և Իրանի հետ տնտեսական հարաբերություններ ունեցող պետությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցները»։
Հանդիպումից հետո Ջայշանկարը X-ում գրել է, որ վերահաստատել է Հնդկաստանի մտահոգությունները պատժամիջոցների վերաբերյալ։
Հնդկաստանը նախկինում Վաշինգտոնին հայտնել էր, որ ռուսական նավթի գնման համար մաքսատուրքեր սահմանելու նոր միջոցները կարող են ազդել երկկողմ հարաբերությունների վրա։
Օրենքը Թրամփից պահանջում է 30 օրվա ընթացքում մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող այն բոլոր ապրանքների նկատմամբ, որոնք գալիս են ռուսական հում նավթի կամ գազի հինգ խոշորագույն ներկրողներից, ինչպես նաև այն երկրներից, որոնք օրենքի՝ ուժի մեջ մտնելուց 30 օր անց գիտակցաբար նոր գնումներ են կատարել ռուսական նավթից կամ գազից։
Հնդկաստանը ռուսական նավթի խոշորագույն գնորդներից է։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Հնդկաստանը կտրուկ ավելացրել է զեղչով վաճառվող ռուսական նավթի գնումները։ Նաև այդ գնումների աճի պատճառով էր, որ Թրամփը 2025 թվականի օգոստոսին Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանեց մինչև 50% մաքսատուրքեր։
Փետրվարին Թրամփը չեղարկել է այդ մաքսատուրքերը՝ պատճառաբանելով, որ Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։
Մինչդեռ Նյու Դելին միայն կարճ ժամանակով՝ 2026 թվականի սկզբին, նվազեցրել է Ռուսաստանից նավթի ներմուծումը։ Դրանից հետո գնումները կրկին աճել են, հատկապես Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմից հետո։
Հնդկաստանը պնդում է, որ իր մեծ բնակչության և աճող տնտեսության համար անհրաժեշտ են մատչելի էներգակիրներ։