Արմեն Աշոտյանն արձանագրում է՝ ՀՀԿ-ն խորհրդարանում այլևս բացարձակ մեծամասնություն չունի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունն այլևս բացարձակ մեծամասնություն չի կազմում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե 6 պատգամավոր արդեն հեռացել է ՀՀԿ խմբակցությունից, ինչը նշանակում է, որ խմբակցությունն ունի 52 մանդատ, բացատրեց, որ ՀՀԿ-ն այդպիսով զրկվում է բացարձակ և որոշիչ մեծամասնություն լինելուց: «Մեծամասնության տարբեր տեսակ է լինում խորհրդարանական կառավարման կառուցվածքի տեսակետից՝ սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանակում ՀՅԴ-ի հետ, լինում է բացարձակ մեծամասնություն, երբ որևէ քաղաքական ուժ ունի 50+1 ձայների քանակ. դա ՀՀԿ-ն էր մինչև այսօր, և կա պարզապես մեծամասնություն, որը խորհրդարանում ներկայացված քաղաքական որևէ ուժ ունի ամենամեծ ձայների քանակը, սակայն չի տիրապետում 50+1 ձևաչափին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն արդեն մեծամասնություն չէ, սակայն նկատեց, որ շարունակում են մնալ խորհրդարանում ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունը: «Այսինքն՝ ձայների քանակով առաջին խմբակցությունն ենք, սակայն եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկությամբ են հանդես գալիս, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,- ասաց նա:

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակը պետք է դիտարկել քաղաքական բնական պրոցեսների տրանսֆորմացիայի հունի մեջ: «Ակնհայտ է, սակայն, որ ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով: Սա իմ անձնական կարծիքն է: Ակնհայտ է, որ այս գործընթացները գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն է, և խորհրդարանն ավելի շատ է համահունչ դառնում հասարակական-քաղաքական տրամադրություններին այն առումով, որ գումարային որոշիչ ձայներն այլևս ՀՀԿ-ին չեն պատկանում: Սա, իհարկե, ենթադրում է, որ ոչ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները՝ անկախները և այլ խմբակցությունների ներկայացուցիչները, այդ դեպքում պետք է միասնական քվեարկեն և ներկա լինեն քվեարկություններին: Քանի որ շատ փոքր է տարբերությունը ձայների, և, անգամ եթե 1-2 պատգամավոր էլ լքի ՀՀԿ-ն, քվեարկության ժամանակ մոբիլիզացիայի խնդիր կա երկու կողմերից էլ»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը: Պատգամավորի խոսքով՝ ռազմավարական տեսակետից ՀՀԿ-ն խորհրդարանում և ամբողջ քաղաքական դաշտում միակ ընդդիմությունն է: Արմեն Աշոտյանն ասաց, որ իրեն ծանոթ չէ որևէ արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը իրեն դիտարկում է որպես ընդդիմություն: «Սա նշանակում է, որ քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ ՀՀԿ-ի դիրքերը բյուրեղանում են, և սա կարևորում է նաև գործադիրի համար, որովհետև եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության մասին, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն իր քաղաքական արժեքը վերաիմաստավորում է՝ այս դեպքում որպես քաղաքական բազմակարծություն ապահովող շատ կարևոր քաղաքական մարմին»,- ասաց նա:

Աշոտյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն լքող նոր պատգամավոր կլինեն: «Կարծում եմ, որ գործընթացը կարող է շարունակվել ոչ այն ծավալով, որ եղել է մինչ այսօր, սակայն չեմ բացառում, որ եզակի դեպքեր լինեն: Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն պահպանելու է իր թիվ մեկ քաղաքական խմբակցության դերը՝ լինելով ամենամեծ խմբակցությունն այս խորհրդարանում»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հունիսի 6-ին հայտարարել է Սամվել Ալեքսանյանը: Մինչ այդ խմբակցությունը լքել էին պատգամավորներ Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արտակ Սարգսյանը: Այսպիսով, 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 58 մանդատ ստացած ՀՀԿ խմբակցությունն այս պահին ունի 52 մանդատ, ինչը նշանակում է, որ խմբակցությունը զրկվում է բացարձակ և որոշիչ մեծամասնություն լինելուց:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում