Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի առաջարկած փողոցային պայքարը արհեստական քաղաքական օրակարգ է. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի առաջարկած փողոցային պայքարը արհեստական քաղաքական օրակարգ է. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած փողոցային պայքարը արհեստական քաղաքական օրակարգ է:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությունն է առաջադրելու վարչապետի թեկնածուին: Մեծամասնության 105 պատգամավորներից մեկը ես եմ, ու ինչ պիտի նա անի, որ ես իմ կարծիքը փոխեմ: Պիտի բռնանա՞ն իմ կարծիքին», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Շարմազանովն անդրադարձ կատարեց Փաշինյանի այն հայտարարությանը, որ իբր կարող է իշխանափոխություն անել, եթե 100 հազարավոր մարդիկ հավաքվեն փողոցում:

«120 հազար մարդ իրենց է ձայն տվել, 770 հազար՝ մեզ: Ինչի՞ շուրջ պիտի սկսի իշխանափոխությունը: Իշխանությունը ո՞վ է ձեւավորել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը եւ հիշեցրեց, որ «Ելք»-ի առնվազն մեծամասնությունը չի միանում Նիկոլ Փաշինյանին:

Նա հորդորեց Նիկոլ Փաշինյանին նախ համոզել իր գործընկերներին իր պայքարի ճշմարտացիության մեջ:

Նա խոսեց նաեւ ՀՀ վարչապետի թեկնածուից՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն չի ակնկալում, որ վարչապետի իր թեկնածուն բոլորի համար ընդունելի պիտի լինի:

«Ուզում են իրենք որոշեն, թե ով կլինի վարչապետ ու փոխվարչապետ, թող 2020 թվականին հաղթեն, գան ու ում ուզում են նշանակեն վարչապետ, դա իրենց իրավունքն է: Մենք չենք հավակնում բոլորին դուր գալ ու չենք հավակնում, որ մեր թեկնածուն բոլորի սրտով պետք է լինի. մենք ապրում ենք բազմակուսակցական համակարգում: Ժողովուրդն է որոշել իր քվեարկությամբ: Բնական է՝ կարող է մարդիկ էլ իրենց ընդդիմադիր զանգվածով դուրս գան փողոց, բայց դա չի նշանակում, որ ով բարձր գոռա, մենք պիտի ասենք՝ վայ կներեք, մեր իրավունքը տալիս ենք ձեզ», - եզրափակեց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում