«Արարատցեմենտ»-ը մոտ ապագայում լինելու է պետական. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Արարատցեմենտ» ընկերությունը մոտ ապագայում լինելու է պետական։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշել է, որ ընկերությունում կառավարչի նշանակումը կիրականացվի սահմանված ընթացակարգով։ ««Արարատցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական, և նշանակվելու է ղեկավար՝ սահմանված ընթացակարգով»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև դիմել է ընկերության աշխատակիցներին՝ կոչ անելով չտրվել ճնշումների։ «Աշխատողներին խնդրում եմ չմտնել նման գործընթացների մեջ։ Նրանք, ովքեր ճնշում կգործադրեն մարդկանց վրա՝ փորձելով նրանց մղել որոշակի գործողությունների, կազատվեն աշխատանքից»,- հայտարարել է Փաշինյանը։
«Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները վաղ առավոտից ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով իրավապահ մարմինների կողմից գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու դեմ։
Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ»-ը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այս պահին կալանավորված է խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։ Հուլիսի 6-ին իրավապահ մարմինները քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող շուրջ 70 այլ հասցեներում։ Քրեական վարույթի շրջանակներում Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, դրանք կապարակնքվել են։
ՀՀ դատախազությունը մայիսի 20-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Այնուհետև մի քանի այլ հաղորդագրություններով Դատախազությունը հայտնել էր «Արարատցեմենտ»-ին պատկանող հողամասերի և առողջարանի ձեռքբերման գործընթացներում հայտնաբերված խախտումների մասին։