Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերը
3 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին։
Նա գրել է, որ 21 տարեկանում հեշտ չի եղել կուսակցական դառնալու որոշումն ու քաղաքականությամբ զբաղվելը:
«Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:
Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին»,-գրել է Խաժակյանը:
Նրա խոսքով՝ ինքը փորձել է լինել թիմային խաղացող՝ հպարտանալով համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրելով ձախողումների համար։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին»,-նշել է Դավիթ Խաժակյանը։
Նա շեշտել է, որ հունիսի 7-ին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը եղել է իր ընտրությունը, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իր առաքելությունը համարում է ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքը և իր հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:
««Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք...» - մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,-գրել է Դավիթ Խաժակյանը:
Դավիթ Խաժակյանը 2017 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ «Ելք» դաշինքի ցուցակով։ Ավելի ուշ, երբ «Ելք» դաշինքի հիմքով ձևավորված քաղաքական ուժերի ճանապարհները բաժանվել են, նա շարունակել է գործունեությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կազմում։
2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաղթահարեց անցողիկ շեմը և ներկայացված էր Ազգային ժողովում։ Խաժակյանը, սակայն, չնայած կուսակցության ակտիվ ներկայացուցիչներից էր, այդուհանդերձ, պատգամավորական մանդատ չստացավ։
2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան»-ը դուրս մնաց Ազգային ժողովից։ Դավիթ Խաժակյանը շարունակեց քաղաքական գործունեությունը կուսակցության շրջանակում։