TRIPP զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս. Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի վավերացման նախագծին
8 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP -ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստում ներկայացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ որոշման ընդունմամբ մեկնարկում է համաձայնագրի վավերացման գործընթացը։ Նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան, իսկ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու դեպքում՝ կներկայացվի Ազգային ժողով։
«Այս որոշմամբ մենք, ըստ էության, սկսում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ՝ նախագիծը սահմանված կարգով կուղարկենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, և Սահմանադրական դատարանի կողմից նշված միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհակասող ճանաչելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք Ազգային ժողով, հարցի քննարկումը կտեղափոխենք Ազգային ժողով»,- ասաց Միրզոյանը։
Նախարարը հիշեցրեց, որ շրջանակային համաձայնագիրը 2026 թվականի մայիսի 26-ին Երևանում նախաստորագրվել է իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, ապա ստորագրվել հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում և հունիսի 4-ին՝ Երևանում։
«Փարատելով հնարավոր հարցերը՝ ասեմ, որ միջազգային պրակտիկայում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժամանակյա, հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է և ընդունված պրակտիկա է»,- ընդգծեց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ համաձայնագրի ստորագրմանը նախորդել են ևս երկու կարևոր փաստաթղթեր՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հռչակագիրը, ինչպես նաև 2026 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ԱԳ նախարարի ստորագրած՝ TRIPP-ի իրականացման շրջանակը սահմանող փաստաթուղթը։
«Այս միջպետական շրջանակային համաձայնագիրն ավելի է մանրամասնում համաձայնեցված դետալները, ուղղությունները և լիովին համահունչ է նշածս երկու փաստաթղթերին։ Սա ինչո՞ւ եմ շեշտում․ որովհետև և՛ օգոստոսի 8-ի հռչակագրի պարագայում, և՛ հունվարի 13-ի՝ իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթի պարագայում եղան որոշակի շահարկումներ այն մասին, որ, ի վերջո, միջպետական համաձայնագիրը կարող է պարունակել նշված փաստաթղթերին ոչ համահունչ դրույթներ։ Եվ ահա, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված, արձանագրված, ամրագրված և ստորագրված սկզբունքներին, այլև բուն շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և՛ օգոստոսի 8-ի, և՛ հունվարի 13-ի փաստաթղթերին»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը։
Շրջանակային համաձայնագրով Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն տրանսպորտային փոխադրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի զարգացման միջոցով նպաստել Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը։
«Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել և ամրապնդել Հարավային Կովկասում խաղաղությունը, հաստատված կայունությունը, ժողովուրդների և պետությունների զարգացումը։ Սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում»,- նշեց Միրզոյանը։
Համաձայնագրով Հայաստանը և ԱՄՆ-ն կհիմնադրեն TRIPP զարգացման ընկերությունը։ Այն Հայաստանի տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի իրականացման համար կկարողանա հիմնել հատուկ նշանակության ընկերություններ և ներգրավել այլ գործընկերների։
Միրզոյանը վստահեցրեց՝ ամբողջ գործընթացը, TRIPP զարգացման ընկերությունը և հետագա գործունեությունն ամբողջությամբ իրականացվելու են Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։
TRIPP զարգացման ընկերությունը համապատասխան գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։ Այդ ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։
49 տարվա ավարտից հետո կողմերի համաձայնությամբ համագործակցությունը հնարավոր կլինի երկարաձգել ևս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը 26 տոկոսից կհասցվի 49 տոկոսի։
«Ժամկետի երկարացման պարագայում կապահովվի, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության 26 տոկոս բաժնեմասը կմեծացվի և կհասցվի 49 տոկոսի։ Ժամկետի երկարացման պարագայում 49 տոկոս բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլի, ներդրման կամ պարտավորության ստանձնելու անհրաժեշտություն չի ունենա»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը կպահպանի լիարժեք ինքնիշխանությունն ու իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և Հայաստանի տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։
«Հայաստանն իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համահունչ կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն վերահսկողություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։ Ինչպես նկատում եք, թվարկածն ամբողջովին ծածկում է և կարող է փարատել բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք անկեղծորեն կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի հանրության շրջանում, և այն չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել վերջին ամիսների ընթացքում»,- ընդգծեց Միրզոյանը։
Նա հավելեց, որ որոշ գործառույթների իրականացման համար կարող է կիրառվել «ֆրոնտ օֆիս–բեք օֆիս» աշխատանքի բաժանման սկզբունքը, իսկ ֆրոնտ օֆիսի աշխատանքներում կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։
«Այս գործառույթների իրականացման համար կարող է սահմանվել ֆրոնտ օֆիս–բեք օֆիս սկզբունքով աշխատանքի բաժանում, և այդ ֆրոնտ օֆիսի համար կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։ Սա մի պրակտիկա է, որը Հայաստանի Հանրապետությունում արդեն կա, և որի մանրամասները նաև նշված են հունվարի 13-ի՝ TRIPP-ի իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում»,- եզրափակեց ԱԳ նախարարը։