Իրանը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ի պատասխան պատժամիջոցների. Ռեզայի
3 րոպեի ընթերցում

Իրանը կարող է վնաս հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջոցների ճնշման ուժեղացման դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային լիբանանյան Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշման սաստկացման դեպքում մենք կպատասխանենք հակամիջոցներով, որոնք կազդեն տարածաշրջանում ամերիկյան շահերի վրա», - ասել է նա:
Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչ հակամիջոցների մասին է խոսքը։
Ռեզային հավելել է, որ իր կարծիքով, ԱՄՆ-ի անցումը Թեհրանի վրա տնտեսական ճնշման վկայում է , որ «հակամարտության լուծման ռազմական մոտեցումը սահմանափակ արդյունք է տալիս»։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցով նավերի անցմանը՝ նա հայտարարել է, որ դա կախված կլինի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից։
«Այս պահին Իրանը ժամանակավորապես միջանցք է բացել Հորմուզի նեղուցի կենտրոնով, բայց նավագնացությունն ապագայում կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացից», - հայտարարել է Ռեզային։
Նա հավելել է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում միջնորդները «խնդրել են Իրանի պայմանների ցանկը նեղուցը բացելու համար», և Թեհրանում պատրաստում են այդ փաստաթուղթը։ Սակայն Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության վերսկսման համար առաջնահերթ պայմանը «բոլոր հակամարտությունների դադարեցումն է Մերձավոր Արևելքում», հատկապես՝ Գազայում և Լիբանանում, նշել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Իրանի դեմ փետրվարի 28 ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմին հաջորդող վեց ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է, ինչը հանգեցրել է նավթի և գազի գների բարձրացման։ Հունիսին Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի խախտումից և մի քանի օրով ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԱՄՆ-ն հուլիսին հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը վերսկսելու մասին։ Իրանն էլ հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը և թույլ չի տալիս այնտեղով անցնել այն նավերին, որոնք իր հետ նախապես չեն համաձայնեցրել ջրային ուղով անցումը։
ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։