Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի անդամներն առկա ներուժն առավել խորացնելու կարիք են տեսնում
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Իրանը դեռևս լիովին չեն օգտագործել երկկողմ համագործակցության առկա ներուժը, ինչը ցանկանում են լրացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների 15-րդ նիստի արդյունքում:
Այս մասին Երևանում հայտարարեցին նիստի համանախագահներ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Նիստի օրակարգում հարցերի լայն շրջանակ է եղել` էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնապահպանության, գյուղատնտեսության, բանկային և ապահովագրական համակարգի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներից: «Անցնող մեկ տարվա ընթացքում միջկառավարական հանձնաժողովի շրջանակում նախանշված ծրագրերը բավականին հավակնոտ, բայց իրատեսական էին, ինչի համար պահանջվում էր ամենօրյա հետևողական աշխատանք: Այսօր, չսպասելով փորձագիտական քննարկումների արդյունքներին, արդեն կարելի է հստակորեն հայտնել, որ մենք մեր առջև դրված խնդիրների համար կարողացել ենք լուծումներ առաջարկել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Աշոտ Մանուկյանը:
Նախարարն ընդգծեց բարձրաստիճան փոխայցերի կարևորությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` հիշեցնելով 2017 թվականի հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները: Այդ թվում` Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ էլեկտրագծի կառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները:
Աշոտ Մանուկյանն արդեն լրագրողների հետ զրույցում նկատեց, որ երկկողմ համագործակցության ընդլայնմանը խանգարող ոչինչ չկա: «Իհարկե, մեր ներուժը մինչև վերջ դեռևս օգտագործված չէ, և միջկառավարական հանձնաժողովի նիստերը, նման հանդիպումները նպաստում են այն խնդիրների լուծմանը, որոնք գոյություն ունեն այդ ճանապարհին»,-ասաց նախարարը: Ինչ վերաբերում է երկու կողմերի գործարարների կողմից բարձրաձայնվող հարցերին` կապված մեր երկրներում օրենսդրական համահարթեցման անհրաժեշտության հետ, ապա նախարար Մանուկյանը վստահեցրեց, որ մի կողմից «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, մյուս կողմից` «Արաս»-ը, կարող են նպաստել այս հարցերի կարգավորմանը: «Վստահ եմ, որ այս երկու ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը կնպաստի այն օրենսդրական խնդիրների համահարթեցմանը, որոնց մասին խոսում եք: Իհարկե, օրենսդրությունները մեր երկրներում տարբեր են, դրանք կարող են ունենալ տարբեր մեկնաբանություններ, բայց երկու ազատ տնտեսական գոտիները կնպաստեն նման հարցերի կարգավորմանը»,-հավելեց պաշտոնյան:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանն էլ նշեց, որ Իրանի ու Հայաստանի լավ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերի էլ ավելի սերտացմանը: «80-միլիոնանոց շուկա ունեցող Իրանը Հայաստանին դիտարկում է որպես պատուհան ԵԱՏՄ 170-միլիոնանոց շուկա: Մենք կարծում ենք, որ երկու երկրների միջև ավելի մեծ ներուժ կա, որը լավագույնս չի օգտագործվել, մենք որպես հանձնաժողովի համանախագահներ, մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին՝ իրագործելու այդ աշխատանքը»,-նշեց Ռեզա Արդաքանիանը:
Շեշտադրելով երկկողմ կարևորության մի շարք համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` իրանցի պաշտոնյան ընդգծեց, որ տնտեսական համագործակցության համատեքստում լուրջ դերակատարություն կարող են ունենալ մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառույցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Արաքս գետն աղտոտվածությունից մաքրելու հարցում ցուցաբերված աջակցության համար: