Գյումրու այցեքարտը համարվող թանգարանը նորովի է ներկայանում այցելուներին

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգումից հետո նորացված ու ավելի գեղեցիկ է այցելուներին ներկայանում Գյումրու այցեքարտը համարվող ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը: 2017 թվականին Գյումրու օր տոնակատարությունների ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելով այս թանգարան, որն ավելի շատ ժողովրդի մոտ հայտնի է որպես «Ձիթողցոնց տուն», և տեսնելով թանգարանի ոչ բարվոք վիճակը, խոստացավ օգնել մշակութային կենտրոնին: Շուտով թանգարանին տրամադրվեց 10 մլն դրամ՝ վերանորոգման նպատակով:

Գումարը տրամադրել է «Լույս» գիտա-կրթական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը, նորոգվել են թանգարանի երկու մասնաշենքերը: «Աշխատանքները սկսվեցին նոյեմբերին և ավարտվեցին փետրվարի առաջին տասնօրյակում: Կատարվեց ընթացիկ նորոգում թանգարանի երկու մասնաշենքերում: Այս պահին թանգարանը նորացված վիճակում է: Սա վերանորոգման առաջին փուլն է, իսկ երկրորդը, հիմնադրամի հետ համաձայնեցնելով, տեղի կունենա ամռանը:

Դրանք հիմնականում դրսի աշխատանքներ են՝ կտուրի, դարպասի, ճաղավանդակների ու որոշ չափով նաև սալահատակի նորոգում»,- նշեց Ս. Հարությունյանը՝ փաստելով, որ տրամադրված 10 մլն դրամից 5-ը ծախսվել է թանգարանի ներքին հարդարման վրա, իսկ մյուս հինգը ցայսօր թանգարանի հաշվեհամարին է՝ մյուս աշխատանքներն իրականացնելու համար, սակայն թե որքանով այդ գումարը կբավարարի մնացած աշխատանքների համար, թանգարանի տնօրենն այս պահին ասել չի կարող:

Նշենք, որ վերանորոգման ընթացքում աշխատանքները կազմակերպվել են այնպես, որ թանգարանը գործել է այցելուների համար և ոչ մի օր փակ չի եղել: Տունը կառուցվել է 1872 թվականին. չորս եղբայրներ Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթում են Գյումրի:

Իրենց բազմանդամ ընտանիքի համար նրանք մեծ առանձնատուն են կառուցում, որը դառնում է նաև ժամանակի հայտնի շահութաբեր տներից մեկը: Այս մի տունը պատկանել է եղբայրներից մեկին՝ Պետրոս Ձիթողցյանին, որն առաջին գիլդիայի վաճառական էր: Վերջինս համարվել է նաև բարերար, քանի որ նրա բարեգործությամբ խթանվել է կրթական գործը քաղաքում: Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո այն ազգայնացվել է և ունեցել զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն:

ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ 1984 թվականից տունը դառնում է թանգարան: Թանգարանը գործել է մինչև 1988 թվականի աղետաբեր երկրաշարժը և կրկին վերաբացվել 1997 թվականին: Ցուցասրահներից մեկում հին Ալեքսանդրապոլի քարտեզն է, մյուսում` քաղաքի մանրակերտը: Մանրակերտին նայելիս մտովի հայտնվում ես 1800-ականների Գյումրիում, զգում հին քաղաքի շունչը: Մյուս ցուցասրահում կարելի է պատկերացում կազմել քաղաքի արհեստավորների` դարբինների, պղնձագործների, ժամագործների, անվագործների մասին: Թանգարանի ցուցասրահներում վերականգնված է նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի ներկայացուցչի բնակարանների տեսքը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն