Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո
1 րոպեի ընթերցում

Երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամի լուծման տանող միակ կենսունակ ուղին են. Պեկինը զսպվածության կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նախազգուշացումը, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամի լուծման միակ կենսունակ ուղին են. չինական կողմը բոլոր կողմերին կոչ է անում հանգստություն և զսպվածություն պահպանել», - ասել է դիվանագետը։
Գո Ցզյակունը նաև կոչ է արել կողմերին համատեղ նպաստել լարվածության շուտափույթ մեղմացմանն ու պայմաններ ստեղծել ճգնաժամի քաղաքական լուծման համար։
Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի օդային տարածքն օգտագործեղ ավիաընկերություններին նախազգուշացրել էր, որ ՌԴ երկինքը վտանգավոր է դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել էր՝ նշելով, որ Ռուսաստանը կգտնի պատասխան միջոց, եթե Կիևը փորձի Ռուսաստանի «երկինքը փակելու» սպառնալիքներն իրականացնել։