ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլ Գեյթսը 24-րդ անգամ անընդմեջ դարձել Է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը՝ գլխավորելով Forbes հանդեսի հրապարակած վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Microsoft-ի ղեկավարի կարողությունը հասնում Է 89 մլրդ դոլարի: Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 81,5 մլրդ դոլարով, դարձել Է երկրորդը, երրորդ տեղում վարկանիշը կազմողները դրել են Ուորեն Բաֆեթին, որի կարողությունը, ըստ Forbes-ի գնահատումների, 78 մլրդ դոլար Է: Տարվա ընթացքում իրենց դրամագլուխներն ավելացրել են ցուցակում հայտնված 289 գործարարներ այն դեպքում, երբ միայն 51 միլիարդատերեր են «աղքատացել»:
Նրանց թվում Է նաեւ ԱՄՆ-ի գործող նախագահը: Պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու մեկ տարվա ընթացքում Թրամփը կորցրել Է 600 մլն դոլար եւ հաստատվել վարկանիշի 248-րդ տեղում: Նրա կարողությունը գնահատել են 3,1 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդիկ տարվա ընթացքում ավելի են հարստացել. նրանց միագումար կարողությունը հասել Է 2,7 տրլն դոլարի, ինչը 300 մլրդ դոլարով ավելի Է, քան անցյալ տարի: Ցուցակում տեղ գտած յուրաքանչյուր բիզնեսմենի կարողության միջին չափը նույնպես աճել Է՝ 6 միլիարդից մինչեւ 6,7 մլրդ դոլար: Վարկանիշում չի հաջողվել տեղ գրավել նրանց, ում դրամագլուխները չեն գերազանցում 2 մլրդ դոլարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: