Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին մեկնել է Մարտունու շրջան և աշխատանքային շրջայցով եղել մի շարք համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիր իշխանության ղեկավարը նախ հանդիպել է Մարտունու համար 1 և 2 դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին, նրանց հետ քննարկել է կրթական ոլորտին վերաբերող հարցեր, ինչպես նաև խոսվել է ապագայում երկու դպրոցների միավորման մասին: Այդ կապակցությամբ նա լսել է ուսուցիչների կարծիքները, առաջարկություներն ու մտահոգությունները և նշել, որ դրանք անպայման հաշվի են առնվելու կառավարության կողմից ընդունվելիք որոշումների ժամանակ: Հանդիպումից հետո վարչապետն այցելել է Մարտունու համար 2 հիմնական դպրոց և ծանոթացել առկա պայմաններին:

Այնուհետև Արայիկ Հարությունյանն այցելել է շրջկենտրոնում բարեգործական ծրագրով կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամաս, որտեղ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Վարչապետը ծանոթացել է շինարարության ընթացքին, բնակարանների պայմաններին, պատասխանատուների հետ քննարկել է թաղամասի շահագործման հետ կապված մի շարք հարցեր:

Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության Մարտունու տեղամասում, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին: Ընկերության գործադիր տնօրեն Կառլեն Պետրոսյանը վստահեցրել է, որ խաղողի ընդունման հետ կապված առ այսօր խնդիրներ չեն ծագել, և գործարանն ամեն օր շարունակում է մթերում իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր մենատնտեսներից: Կառլեն Պետրոսյանը նշել է, որ կառավարության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև տարեվերջ մթերված խաղողի դիմաց կմարվեն բոլոր պարտքերը՝ վճարելով նախ փոքր, ապա և խոշոր մենատնտեսներին:

Արայիկ Հարությունյանն այցելել է շրջանի Գիշի համայնք և եղել «Ճարտար» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող համալիրի շինհարթակում: Գյուղի նախկին դպրոցական շենքի կապիտալ վերակառուցման արդյունքում Գիշին կունենա արդի չափանիշներին համապատասխան մանկապարտեզ, սպորտդահլիճ և ժամանցի այլ միջոցների համար նախատեսված կահավորված սենյակներ: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքներից և նշել, որ համալիրի շահագործման արդյունքում հիմնավորապես լուծվելու է համայնքի մանուկների դաստիարակության և երիտասարդության ժամանցի խնդիրը:

Վերջում կառավարության ղեկավարը մեկնել է Ճարտար համայնք և ծանոթացել համանուն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: «Ճարտար» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Վարդապետյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը եղել է համայնքում կառուցվող եկեղեցու, հանդիսությունների տան, մարզադաշտի, բազմաբնակարան շենքերի և մի շարք այլ նոր շինությունների շինհրապարակներում: «Հայրենիքը շենացնելու վառ օրինակ է «Ճարտար» հիմնադրամի կատարած աշխատանքը, և ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի հայրենասեր հայրենակիցներ, ովքեր, ապրելով այլ երկրներում, ոչ միայն չեն մոռանում Արցախը, այլև ակտիվորեն մասնակցում են նրա զարգացման գործին»,- ասել է վարչապետը:

Այցի ընթացքում վարչապետ Հարությունյանին ուղեկցել են Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա