2 րոպեի ընթերցում
ԱՐՏԱՇԱՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում «Մեկ ժամ դասական երաժշտության հետ» նախագծի շրջանակում տեղի ունեցավ «Պանդխտության եւ կարոտի հուշ-երեկո» խորագրով միջոցառումը` նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Համերգին հանդես եկան մարզի երգիչ-երգչուհիները, երաժիշտները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, յուրօրինակ կատարմամբ հանդես եկավ Արտաշատի Մելիք- Փաշաեւի անվան երաժշտական դպրոցի ջութակի եռյակը` աշակերտների եւ ուսուցիչ Անահիտ Գրիգորյանի մասնակցությամբ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտ Նելլի Գրիգորյանը, Տաթեւիկ Միքայելյանը ներկայացրեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Գուսան Շերամի «Զուլալ ջրեր» կատարմամբ հանդես եկավ Կոնսերվատորիայի հայ երգեցողության բաժնի դասախոս, դոցենտ Անահիտ Գրիգորյանը: Տեղի ունեցավ մոմավառություն:
«Մեկ դար առաջ աշխարհի աչքի առաջ մի ողջ ազգ գլխատվեց, եւ չգտնվեց մեկը, որ կանխեր այդ կոտորածը, որ փրկեր հայ ժողովրդին թուրքի յաթաղանից»,- իր խոսքում նշեց մշակույթի կենտրոնի սցենարիստ Լիանուշ Աղախանյանը: Խոսելով օրվա խորհրդի, անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու մասին՝ նա ավելացրեց. «Մենք հիշում ենք, չենք մոռացել, պահանջում ենք, չենք լռելու: Ազգակործան հանցանքը պետք է պատժվի: Եղեռնալից օրերի պատկերները մենք կվերհիշենք՝ բայց տոկուն հայացքով ու վառ հավատով մեզ գոտեպնդելով… Վկա է այս օրը` նոր, ազատ ու անկախ հայրենիքի անպարտելի ներկան»,- եզրափակեց իր խոսքն Աղախանյանը:
Միջոցառմանը ներկա էին Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, քաղաքային կառույցի աշխատակիցներ, մանկապարտեզների վարիչներ, երաժշտասերներ, հյուրեր:
Լիլիթ Մաճկալյան