Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ
2 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի բրոնզե ու Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։
«Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում։ Շատ լավ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել: Մրցաշարին մոտենում ենք այնպես, ինչպես որ հարկն է: Դրական եմ տրամադրված առաջնության մեկնարկից առաջ: Ակնկալում եմ, որ ամենաբարձր հարգի մեդալի համար պայքարելու ենք ու մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, պայքարելու ենք մինչև վերջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանը:
Վերջինիս խոսքով` աշխարհի առաջնություններում մարզիկի համար հիմնական մրցակիցը առաջին հերթին հենց ինքն է։ Նրա խոսքով՝ մյուս մրցակիցների հետ ավելի հեշտ է պայքարելը, եթե մտքում հաղթում ես ինքդ քեզ:
«63 կգ քաշային կարգը վերջին տարիներին բավականին ուժեղացել է, ու մրցակիցներն էլ ավելի մրցունակ են դարձել: Գիտեմ, որ յուրաքանչյուրի հետ պետք գոտեմարտեմ առանձին մոտեցմամբ»,-առանձնացրեց նա:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը՝ 55 կգ, Սուրեն Աղաջանյանը՝ 60 կգ, Կարեն Ասլանյանը՝ 63 կգ, Սլավիկ Գալստյանը՝ 67 կգ, Աշոտ Խաչատրյանը՝ 72 կգ, Մալխաս Ամոյանը՝ 77 կգ, Սամվել Գրիգորյանը՝ 82 կգ, Գևորգ Թադևոսյանը՝ 87 կգ, Հայկ Խլոյանը՝ 97 կգ, Ռազմիկ Քուրդյանը՝ 130 կգ:
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: