Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին դասավանդելու դժվարությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասախոս, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը համոզված է՝ կրթօջախներում Հայոց ցեղասպանության մասին խոսելը բարդ է: Մեկ տասնյակ տարուց ավելի մանկավարժական փորձ ունեցող Մարտիրոսյանը նշում է, որ ինքն էլ է դժվարանում երեխաների հետ այս թեմայի շուրջ խոսել: Խնդրի դասավանդման առանձնահատկությունները նա ներկայացրեց «Ցեղասպանությունը մանկավարժական խնդիրների լույսի ներքո» թեմայով կոնֆերանսին:

«Ցեղասպանության մասին խոսելիս թիվ մեկ խնդիրը ուսուցիչն է, ոչ թե բուն թեման: Խնդիրն այն է, որ Հայաստանում գրեթե գոյություն չունի մարդ, ում ընտանիքին չի հարվածել ցեղասպանությունը: Բոլորս ինչ-որ չափով ուզենք, թե չուզենք անձնական ենք ընդունում այս թեման: Մյուս հարցն այն է, որ յուրաքանչյուր մարդ նմանատիպ թեմաներին առնչվել է դեռ մանկուց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իր պապիկը և տատիկը ևս Հայոց ցեղասպանության զոհեր են:

«Ես պապիկիս չեմ տեսել, նա ջարդերի ժամանակ կորցրել է ընտանիքը: Ես միշտ իմացել եմ, որ ոչինչ չեմ կարող իմանալ իմ պապական կողմի մասին, որովհետև ցեղն ամբողջովին վերացել է: Ես միայն մի բան գիտեմ՝ իմ պապը Մուշից էր: Տատիկիս ընտանիքը նույնպես գրեթե ամբողջությամբ կոտորվել է, մի մասն էլ ճանապարհներին է մահացել, բայց տատիկս միակն է մնացել ամբողջ ընտանիքից: 3-4 տարեկանից լսում էի նրա պատմությունները թուրքերի վայրագությունների մասին: Ես՝ որպես ուսուցիչ, խնդիր ունեմ՝ փոքր տարիքից այդ սարսափելի պատմություններն եմ լսել, և այդ պատկերները տարիներով եփվում են իմ մեջ: Պետք է կարողանալ այդ ամենը հաղթահարել և չփոխանցել երեխաներին»,-նշեց Մարտիրոսյանը:

Նա համոզված է՝յուրաքանչյուր ուսուցիչ, ով դպրոց է մտնում դասավանդելու պատմություն, ինչ-որ առումով ցեղասպանության զոհ է՝ հոգեբանորեն և ոչ՝ ֆիզիկապես: «Ուսուցիչը պետք է զգացմունքային վիճակներից դուրս գա, և դա այնքան էլ հեշտ չէ: Թուրքիան իրականում ճանաչել է ցեղասպանությունը, ուղղակի իրենք փորձում են այդ մասին մոռանալ: 1919 թվականին Թուրքիայում տրիբունալ անցկացվեց, որի ընթացքում մահապատժի վճիռներ կայացվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երիտթուրքերի ղեկավարներին՝ հենց Թուրքիայի կառավարության կողմից: Պարզապես հետագայում իրենք փորձեցին ջնջել դա իրենց պատմությունից: Երիտթուրքերի ղեկավարներն այլ վայրերում էին, հայ վրիժառուները գտնում և ոչնչացնում էին նրանց: Ես որոշեցի երեխաներին այս ամենի մասին պատմել և տեսա, թե ինչպես են հուզվել»,-նշեց նա:

Մասնագետը փաստում է՝ երեխաներն էլ են գալիս դպրոց ցեղասպանության մասին սխալ գիտելիքով: «Ծնողներն էլ շատ դեպքերում ցեղասպանության մասին նրանց տարօրինակ գիտելիքներ են տալիս: Օրինակ՝ հարցում է եղել, և շատերը համոզված են եղել, որ ցեղասպանությունը եղել է հենց ապրիլի 24-ին»,-հավելեց նա:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկուսուկես միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրանց հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայերեն

ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում, բայց չենք կարող չնկատել ՀՀ ապագայի համար տարբերակներ ձևավորելու ժողովրդի ձգտումները. Փաշինյան

Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժենա 150 դրամ. Երևանի ավագանին ընդունեց որոշումը

Վարչապետ Փաշինյանը խոսեց սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին

Վարչապետը բացահայտեց, թե ինչ առաջարկ է Հայաստանն Ադրբեջանին արել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ

Երևանի ավագանու արտահերթ նիստ

Փետրվարի 1-ից մեկ ուղևորությունը 150 դրամ. ավագանին հաստատեց

Ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին