Կրթություն

Յոթ անգամ չափի՛ր, մեկ անգամ կտրի՛ր. մեդիափորձագետների ուղերձը սոցցանցերի օգտատերերին

8 րոպեի ընթերցում

Յոթ անգամ չափի՛ր, մեկ անգամ կտրի՛ր. մեդիափորձագետների ուղերձը սոցցանցերի օգտատերերին

Մինչ մենք փորձում ենք նյութ պատրաստել ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդների, դրանից բխող վտանգների և վերահսկման գործիքակազմերի մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկ ուրիշը առանց կասկածի կամ վերանայման կիսվում է կեղծ լուրով՝ վստահ լինելով, որ «եթե մարդիկ տարածում են, ուրեմն ճշմարիտ է»: Մեկ սեղմումով սուտը դառնում է «փաստ», և ալգորիթմների ու իրականության հետ մտնում պայքարի մեջ: Ո՞վ է «հաղթում»՝ փորձել են մեկնաբանել մասնագետները՝ յուրաքանչյուրն իր տեսանկյունից:

Եթե չկարողանաս կառավարել համակարգը, այն կկառավարի քեզ. լրագրող, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան 

«Ֆեյսբուք»-ը, լինելով Հայաստանում ամենազանգվածային սոցիալական ցանցը, այլևս չունի մենաշնորհ, ինչպես 10-15 տարի առաջ էր, բայց շարունակում է մնալ հիմնական տեղեկատվական հարթակը։ Այն խելացի օգտագործման դեպքում լավ աշխատանքի և ազդեցության գործիք է, սակայն եթե լավ չտիրապետես և լավ չօգտագործես, ապա կարող ես ինքդ դառնալ ուրիշի կառավարման տարր. ոչ թե դու կառավարես համակարգը, այլ այն կառավարի քեզ։

Հայաստանում ապատեղեկատվության տարածման համար պարարտ հող կա՝ պայմանավորված հասարակության մեդիագրագիտության ցածր մակարդակով։ Խաբեությունների թիվը գերազանցում է ոչ թե հարյուրավորները, այլ հազարավորները, և ամեն օր նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ են ի հայտ գալիս: 

Փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվական անվտանգության տեսակետից մեր հասարակության դիմադրողականությունը շատ ցածր է, եթե ոչ զրոյական։ 

Կեղծ լուրերը կրկնվում են, մարդիկ որևէ եզրակացություն չեն անում և շարունակում են վստահել ցանկացած տեղեկատվության, որը հայտնվում է սոցիալական ցանցերում:

Այսպես՝ կեղծ լուրը համացանցում շրջանառվում է այնքան, մինչև ի հայտ է գալիս մեկ ուրիշը: 

Բացի այդ, հասարակության ուշադրությունը հեշտությամբ շեղվում է նոր իրադարձություններով․ հայտնվում է նորը և բոլորը միանգամից մոռանում են նախորդը: Իրականում այս տեսակետից հասարակության հիշողությունը շատ կարճ է: 

Որոշ կեղծ լուրեր էլ մոռացվելուց հետո վերադառնում են շրջանառության՝ փոքր-ինչ փոփոխված, և մարդիկ կրկին հայտնվում են ծուղակում: Դա էլ արդեն պայմանավորված է տեղեկատվության սպառման մակերեսային մշակույթով: 

Օրինակ՝ երիտասարդների մոտ շատ տարածված է լուրերը կարդալ միայն վերնագրի և ուղեկցող լուսանկարի տեսքով, այսինքն՝ ավելի խորը չեն գնում և կարդալով վերնագիրը՝ հեռուն գնացող եզրակացություններ են անում և նույնիսկ մեկնաբանություններ թողնում։

Հզոր պետությունները մշակում են մեխանիզմներ վերոնշյալ կեղծ լուրերից կամ մեդիամանիպուլյացիաներից պաշտպանվելու համար։ Ֆրանսիայում, օրինակ,  յուրաքանչյուր մարդ կարող է դիմել դատարան՝ պահանջելով դադարեցնել կեղծ լուրի շրջանառությունը: Եթե  դատավորը որոշի, որ այն պետք է արգելափակվի, սոցիալական ցանցերը պարտավոր են դա անել:

Առհասարակ, ապատեղեկատվության խնդիրը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված հարցերը լուծելու համար պետք է սկսել թեկուզ հենց դպրոցներից ու համալսարաններից:

Ի վերջո՝ քարոզչական թեզերը ավելի հեշտ է հրամցնել այն հասարակությանը, որը գրագետ չէ։

Ապատեղեկատվությունը շատ ավելի արագ տեմպերով է զարգանում, քան մարդիկ կրթվում են. մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան 

Այսօր միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչինչ թույլ չի տալիս ամբողջությամբ կանգնեցնել ապատեղեկատվության շրջանառությունը: 

Սակայն կան միջոցներ, որոնք կարող են այն նվազեցնել: Մեդիագրագիտությունից զատ՝ առավել կարևոր է լրագրողական փաստերի ստուգման կազմակերպությունների միասնական աշխատանքը: Առաջնային դեր ունեն նաև սոցիալական ցանցերի ղեկավարությունը, մոնիթորինգի և մոդերացիայի բաժինները, ինչպես նաև տվյալ ոլորտում մշակվող հանրային ռազմավարությունները: 

Այնուամենայնիվ՝ ապատեղեկատվությունը շատ ավելի արագ տեմպերով է զարգանում, քան մարդիկ կրթվում են: Պատմականորեն վտանգավոր է այն հանգամանքը, երբ հանրային կարծիքը ձևավորվում է հենց մասնագետների կողմից: Դա նշանակում է, որ նրանք հեշտությամբ կարող են մանիպուլացնել հասարակությանը:

Հանրային կարծիքի ձևավորումը ամենաբարդ հարցերից է, և եթե որևէ մեկը ստանա դրա հստակ բանաձևը, կկարողանա մանիպուլացնել բոլորին: 

Իսկ հանրային կարծիքի վրա ազդող գործոնները բազմաթիվ են՝ ինֆլուենսերները, հանրային հայտնի անձինք, լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, ֆեյքերի ֆաբրիկաները, արտաքին ազդեցությունները։ Գոյություն ունեն նաև շատ ավելի աննկատ գործոններ, օրինակ՝ գաղափարախոսական գրականությունը կամ մարդիկ, որոնց ազդեցությունը հաճախ անտեսվում է։

Ելնելով նրանից, թե ինչ աղբյուրներից են մարդիկ օգտվում տեղեկատվություն ստանալիս, որքանով են հետևում մինիմալ հիգիենային մեդիագրագիտության համատեքստում՝ Հայաստանում մեդիագրագիտության մակարդակը միջինից ցածր է։

Հերքումներն ավելի քիչ են տարածվում, քան բուն ապատեղեկատվությունը․ լրագրող, մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյան

Եթե կեղծ բովանդակությունը տարածվում է և փաստեր ստուգող հարթակները կամ համապատասխան մարմինները հերքում են տարածում դրա վերաբերյալ, այն շատ դեպքերում ավելի քիչ դիտումներ է ունենում։ 

Ապատեղեկատվության տարածման հիմնական գործիքներից մեկը էմոցիոնալ բովանդակությունն է, որը հաճախ օգտագործվում է մարդկանց մանիպուլացնելու համար։ Զարմանալի, անսպասելի կամ խիստ հուզիչ տեղեկությունները գրավում են ուշադրությունը, սակայն դրանց մեջ հաճախ տեղ է գտնում սուտը, կեղծիքը կամ ապատեղեկատվությունը։

Էմոցիոնալ ազդեցության տակ, երբ սիրտն է «աշխատում», ուղեղը կարող է սթափ չդատել։

Մեկ այլ հնարք է այն, երբ տարածվում է մարդկանց համար հաճելի կամ սպասված տեղեկություն։ Օրինակ՝ եթե շրջանառվում է, որ թոշակները բարձրացել են, շատ մարդիկ առանց ստուգելու կարող են անմիջապես տարածել՝ հիմնվելով միայն վերնագրի վրա։

Բացի դա, ներկայումս ապատեղեկատվության տարածման մեջ մեծ դեր ունեն նաև արհեստական բանականության գործիքները, որոնցով շատ հեշտ է մոլորեցնել հասարակությանը։ Վերջին շրջանում քննարկվում էին կեղծ դեղերի գովազդները, որոնք ստեղծվել էին հենց արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութերով և ակտիվորեն շրջանառվում էին համացանցում։

Ապատեղեկատվությունը, սովորաբար, ունի ավելի երկար կյանք, քան ստուգված և ճշգրտված տեղեկությունը։ 

Այսպիսով, ամփոփելով մեդիամասնագետների խոսքը, կարելի է հանգել մեկ մտքի․ ապատեղեկատվության դեմ պայքարը սկսվում է գրագետ հասարակությունից։ Երբ մարդիկ գիտակցում են լրատվամիջոցների ազդեցությունը, ընկալում են մատուցվող բովանդակությունների ենթատեքստերն ու հասկանում փաստերի ստուգման կարևորությունը, ապատեղեկատվության տարածման հնարավորությունը նվազում է։

Մեդիագրագիտության բարձրացումը ոչ միայն անհատական, այլև հասարակական պատասխանատվություն է։  Միայն այդ դեպքում կարելի է ստեղծել տեղեկատվական կայունություն ունեցող հասարակություն, որտեղ քաղաքացիներն իրենց որոշումները կայացնում են փաստերի, այլ ոչ թե «նպատակային» տեղեկատվական ազդեցության հիման վրա։


Ասպրամ Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում