Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի

3 րոպեի ընթերցում

Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի

Հայաստանի կառավարությունը նախատեսում է «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից հինգ տարի ժամկետով ձեռք բերել 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ Հայաստանում արհեստական բանականության ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնել և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին տրամադրվող պետական աջակցության միջոցներից 957 միլիոն 876 հազար դրամ ուղղել նոր ծրագրի ֆինանսավորմանը։

Նոր միջոցառմամբ նախատեսվում է ձեռք բերել արհեստական բանականության համակարգերի համար անհրաժեշտ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ և առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորություն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռեսուրսները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք կբերի «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից։ Հիմնավորման համաձայն՝ ընկերությունն ունի անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումները տրամադրելու հատուկ և բացառիկ իրավունք։

Նախարարության և ընկերության միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է 2026 թվականի ապրիլի 17-ին։

«Ֆայրբըրդ ԷյԱյ»-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով աշխատող՝ Կովկասի տարածաշրջանում առաջին և ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգիչը։

Ձեռք բերվող ռեսուրսները նախատեսվում է հասանելի դարձնել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, համալսարաններին, անհատ մասնագետներին և հանրային իշխանության մարմիններին։

Դրանք կարող են օգտագործվել արհեստական բանականության մոդելների նախագծման, ուսուցման և գործարկման, ինչպես նաև գիտական հետազոտությունների իրականացման համար։

Ծրագրի արդյունքային ցուցանիշ է սահմանվել ստացված հայտերի առնվազն 60 տոկոսի բավարարումը։

Նախագծի ընդունմամբ 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջանա։ Գումարը կտրամադրվի արդեն իսկ հաստատված բյուջետային ծրագրի շրջանակում կատարվող վերաբաշխման հաշվին։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում