Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանում AI գործարանի ստեղծումը կարևոր նշանակություն կունենա երկրի համար մի շարք պայմանների ապահովման դեպքում. փորձագետի անդրադարձը

7 րոպեի ընթերցում

Հայաստանում AI գործարանի ստեղծումը կարևոր նշանակություն կունենա երկրի համար մի շարք պայմանների ապահովման դեպքում. փորձագետի անդրադարձը

Հայաստանում 500 մլն դոլարի ներդրումային ծրագրով AI գործարանի ստեղծումը երկրի համար կարևոր նշանակություն կունենա այն դեպքում, եթե այդ ենթակառուցվածքը օգտագործեն նաև հայաստանյան ընկերությունները, այլ ոչ թե դա լինի զուտ ՀՀ-ում գտնվող ամպային տվյալների մշակման կենտրոն, որից կօգտվեն այլ երկրների ընկերություններ: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Firebird և NVIDIA ընկերությունների ու Հայաստանի կառավարության համատեղ ջանքերով AI գործարան հիմնելու նախագծին, այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Դա լինելու է տվյալների մշակման կենտրոն, որն արհեստական բանականության տվյալների մշակման հարցերով զբաղվող ընկերություններին հնարավորություն կտա օգտագործել այդ ենթակառուցվածքն իրենց ծրագրերում: Հաշվի առնելով այն հզորությունը, որի մասին հայտարարվել է՝ կիրառման հնարավոր տարբերակներն անչափ շատ ու բազմաբնույթ են»,- նշեց մեր զրուցակիցը: 

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ այս նախագիծը Հայաստանի համար կարող է նշանակալի ազդեցություն ունենալ, եթե այդ ենթակառուցվածքներն օգտագործեն հայաստանյան ընկերությունները, այլ ոչ թե դա լինի զուտ Հայաստանում գտնվող ամպային տվյալների մշակման կենտրոն, որից կօգտվեն այլ երկրների ընկերություններ: Այդ դեպքում Հայաստանը, բնականաբար, կունենա որոշակի եկամուտներ, բայց ոլորտի զարգացման վրա ազդեցությունը կլինի չնչին: Եթե խթանվի Հայաստանում տվյալների մշակմամբ զբաղվող ընկերությունների զարգացումը, ապա, բնականաբար, դա կունենա շատ ավելի մեծ էֆեկտ՝ հաշվի առնելով, որ արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունները փաստացի ունեն ենթակառուցվածքների խնդիր: Հակառակ պարագայում էֆեկտը կարող է նվազագույն լինել և սահմանափակվել Հայաստանում հարկերի, էլեկտրաէներգիայի ծախսի և սպասարկման համար նախատեսված այլ գումարների վճարմամբ:

Սամվել Մարտիրոսյանը գտնում է նաև, որ մեկ ծրագրի իրականացմամբ անհնար է ապահովել ոլորտի զարգացումը՝ անհրաժեշտ է ներդրումներ կատարել նաև գիտահեն նախագծերում, ընդհանրապես գիտական, հետազոտական, արտատեխնոլոգիական ուսումնասիրություններում: Այդ դեպքում, ըստ նրա, գործարանը կդառնա տարբեր խնդիրների լուծման տեխնիկական հիմք և կապահովի շատ մեծ էֆեկտ:

Փորձագետը գտնում է, որ անհրաժեշտ բոլոր խնդիրների լուծման դեպքում գործարանի հաջող գործարկումը կարող է նպաստել Հայաստանում ավելի խոշոր և նշանակալի նախագծերի իրականացմանը և մեր երկիրը տեխնոլոգիական ավելի լուրջ կենտրոնի վերածելու նպատակի իրականացմանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 11-ին հայտարարել էր, որ Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժմանը՝ ոչ թե որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։

«Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք»,- գրել էր նա սոցիալական ցանցում:

Նախարարը տեղեկացրել էր, որ գործարանի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

Ըստ նրա՝ AI տվյալային կենտրոնը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, Հայաստանը դարձնելու է տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

«Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,- նշել էր նա։

ՀՀ կառավարության հունիսի 12-ի նիստում Մխիթար Հայրապետյանը մանրամասնել էր, որ ծրագիրն իրականացվում է սփյուռքահայ գործարարներ Ռազմիկ Հովակիմյանի, Նուբար Աֆեյանի և NVIDIA փոխնախագահ Ռև Լիպարիտյանի ակտիվ մասնակցությամբ։ 

«Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի NVIDIA ընկերությունից, որն այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում։ Պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել և՛ Հայաստանյան տնտեսությանը, և՛ աշխարհի տարատեսակ ընկերությունների տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում»,– ընդգծել էր նա:

Նախարարը հայտնել էր՝ նախագծի իրատեսականությունն ամրապնդում է նաև այն հանգամանքը, որ արդեն մի քանի խոշոր ընկերություններ հայտնել են այս կենտրոնի cloud ծառայություններից օգտվելու հետաքրքրվածության մասին:

Միաժամանակ նա նշել էր. «Այս պահին չունենք վերջնական որոշում մեր ներգրավվածության ձևաչափի մասին, սակայն ծրագրի իրագործումը՝ որպես փաստ, արդեն հաստատվել է թե՛ Firebird-ի, թե՛ NVIDIA-ի կողմից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը պատրաստ է ապահովել մինչև 100 մեգավատտ հզորությամբ էլեկտրաէներգիայի մատակարարում՝ Firebird և NVIDIA ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ նախատեսվող արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի համար: Նա ընդգծել էր, որ գործընկերներին առաջարկել է քննարկել նախագիծն Ակադեմիական քաղաքի տարածքում իրականացնելու հնարավորությունը:

Ավելի ուշ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ Նիկոլ Փաշինյանն այս նախագիծն անվանել էր ամենամեծ և ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումը Հայաստանում՝ երկրի «աստղային դարպասը»:

«Գաղափարը ծնվեց, երբ Ջենսեն Հուանգը (խմբ. NVIDIA ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն) 2023 թվականին այցելել էր Երևան։ Այսօր դա իրականություն է դառնում.  Հազարավոր Blackwell գրաֆիկական պրոցեսորներով հագեցած արհեստական բանականության գործարանը կխթանի նորարարությունները Հայաստանի ամբողջ տարածքում»,- գրել էր նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում