Հայաստանը ջանք չի խնայելու ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար. ՀՀ վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ջանք չի խնայելու Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանի Հանրապետության Նախագահը, մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ պատրաստ ենք շարունակել հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ: Եվ հիմա էլ ես եմ ցանկանում ևս մեկ անգամ հայտարարել այդ մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աբրահամյանը:
Հարցին, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյան նախօրեին հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության սահմանն անցնելու է ՀՀ ընդունված սահմաններով, ինչը նշանակում է, որ ԼՂ-ն պետք է դուրս մնա, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Մեր տարածքներն են լինելու, և իմ կարծիքով` այդ հարցին որևէ այլ ձևակերպում չի կարող լինել»: