Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ
2 րոպեի ընթերցում

Հայաստանը մասնակցել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության Trigger X - Eastern Europe and Central Asia միջազգային օպերացիային, որը համակարգել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օպերացիայի առանցքում հրազենի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է եղել։
Հայաստանում օպերացիայի ազգային համակարգումն իրականացրել է ՀՀ-ում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն՝ սերտ համագործակցելով իրավապահ այլ մարմինների հետ։
«Միջոցառման ընթացքում հանրապետության ողջ տարածքում իրականացվել են օպերատիվ-հետախուզական, կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։ Արձանագրվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության 164 դեպք, որից 11-ով կատարվել են ձերբակալություններ։ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 248 միավոր հրազեն և հրազենի բաղադրամաս, այդ թվում՝ ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակներ, ինքնաշեն հրազեն և այլն։ Հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է նաև ավելի քան 11 հազար փամփուշտ, 137-ից ավելի ձեռքի նռնակ, 120-ից ավելի նռնակի պայթուցիչ և դետոնատոր, 108-ից ավելի պահունակ, ինչպես նաև ականանետի և նռնականետի արկեր, պայթուցիկ նյութեր ու այլ զինամթերք»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Trigger X միջազգային օպերացիայի արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են միջգերատեսչական համագործակցության, միջազգային տեղեկատվական փոխանակման և կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում և հանրային անվտանգության ամրապնդման գործում։