Արամ Ա. Կաթողիկոսը Լիբանանում Շվեյցարիայի դեսպանին է փոխանցել իր դիրքորոշումը Փերինչեքի գործի կապակցությամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Ռութ Ֆլինթի հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը բարձրացրել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործի հարցն ու շեշտել, որ հայ ժողովուրդը խստորեն դատապարտում է ՄԻԵԴ որոշումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Անթիլիասի կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, Արամ Առաջինը նշել է, որ սխալ տվյալների եւ միակողմանի մոտեցման հիման վրա ընդունած այս որոշումը կարող է ժխտական անդրադարձ ունենալ եվրոպական այլ երկրների Հայոց ցեղասպանության նկատմամբ դիրքորոշման եւ մոտեցման վրա: «ՄԻԵԴ-ը ոչ միայն հարցականի տակ է առնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլ նաեւ` բոլոր ցեղասպանությունները: Հետեւաբար, հայ ժողովուրդը դիմում է Շվեյցարիայի իշխանություններին, որ դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին փոխելու ընդունած որոշումը»:
Դեսպան Ռուֆ Ֆլինթն էլ հավելել է, որ ինքը քաջատեղյակ է գործին եւ ընդունում է հայ ժողովրդի արդար ընդվզումը: Միաժամանակ, դեսպանը շեշտել է, որ Շվեյցարիայի բոլոր դեսպանատները խնդրի ուղղությամբ բողոքներ եւ դատապարտող նամակներ են ստանում:
Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահին, որպեսզի նրանք նույնպես իրենց բողոքը հայտնեն ՄԻԵԴ որոշման կապակցությամբ եւ դիմեն շվեյցարական իշխանություններին, որպեսզի դատապարտեն որոշումն ու հակընդեմ հայց ներկայացնեն ՄԻԵԴ-ին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Փերինչեքիհայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: