ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական պատվիրակությունը Ժնև է ժամանել Սիրիայում արյունահեղությունը, ահաբեկչությունը դադարեցնելու և ճգնաժամը լուծելու նպատակով: Այս մասին ընդդիմության հետ բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը՝ ավելացնելով, որ ջանքեր կգործադրվեն բանակցությունները հաջող ավարտելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով` պաշտոնական Սիրիան չի վախենում ցանկացած թեմա քննարկելուց, և դա է ճիշտ ճանապարհը այժմյան ճգնաժամից դուրս գալու համար, սակայն դա չի նշանակում, որ իրենք կհամաձայնեն այն ամենի հետ, ինչ կպահանջի ընդդիմությունը:
Միկդադի խոսքով` առաջնայինն ահաբեկչության հարցին լուծում տալն է: Նա ավելացրել է, որ ավելի քան 83 երկրների զինված խմբավորումներ են մտել Սիրիայի տարածք և պետք է ճնշել նրանց ֆինասավորող և զինող երկրները:
Ինչ վերաբերում է Ասադի նախագահ մնալու հարցին, Միկդադը նշել է, որ բոլոր սիրիացիների իրավունքն է որոշել դա, և միակ լուծումը քվերակություն կատարելն է:
Միկդադը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի բանտերում երեխաներ կան: Նա նաև նշել է, որ Սիրիայի պատվիրակությունը ոչ թե գործող համակարգի պատվիրակությունն է, այլ Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունը՝ ավելացնելով, որ հնարավոր ամեն ինչ կարվի իրենց երկրում տիրող ճգնաժամից դուրս գալու համար:
Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը հունվարի 26-ին քննարկել են Հոմս քաղաքի բնակիչներին այնտեղից հեռացնելու, մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցեր: Բանակցությունները ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի բանագնաց Լախդար Իբրահիմիի միջև շարունակվել են այսօր: