Միայն ամուր հզոր պետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ օպերային թատրոն. Կարեն Դուրգարյան
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ:Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերաշրջանը 2013 թվականին մեկնարկեց ուշացած` բեմի վերազինման աշխատանքների պատճառով, սակայն դա չխանգարեց թատրոնին նորովի ներկայանալ հանդիսատեսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանը նշեց, որ ապրիլից սկսած` թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացումների 90 տոկոսն արդեն դուրս է եկել բեմահարթակ:«Անշուշտ, մեր թատերաշրջանը բացվեց մի փոքր ուշ, տեխնիկական վերազինման ավարտի հետ էր կապված: Ժամանակ է պետք, որպեզի նոր բեմի ընձեռած տեխնիկական հնարավորություններին լիարժեք տիրեպետենք»,- նշեց Դուրգարյանը: Նրա կանխատեսմամբ` 2014 թվակնաը ավելի ակտիվ կլինի նոր բեմադրությունների տեսանկունից:
«2014 թվականին բավականին ակտիվ աշխատանք է սպասվում և հույս ունենք, որ ակտիվ աշխատանքի հետ մեկտեղ, կոլեկտիվը կկարողանա ավելի արդյունավետ աշխատել»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը` հավելելով, որ այժմ արդեն բանակցություններ են տարվում մի շարք համագործակցությունների շուրջ: Նա կարծիք հայտնեց, որ թատրոնի կազմի շուրջ 300 արվեստագետները` չհաշված ադմինիստրատիվ բլոկը, պետք է ավելի լավ պայմաններում աշխատեն: Դուրգարյանը շնորհակալություն հայտնեց նաև տարվա ընթացքում թատրոնին աջակցող գործընկերներին, որոնց շնորհիվ իրենք կարողացել են ձեռք բերել նոր երաժշտական գործիքներ:
«Օպերային թատրոնը միակ թատրոնն է, որը խոսում է միջազգային լեզվով: Օպերային արվեստը, բալետը միջազգային արվեստ է, որը ցանկացած հայի համար պատիվ է: Միայն ամուր հզոր պետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ օպերային թատրոն: Այսօր Հայաստանը ձգտում է դեպի միջազգային ստանդարտներ, և մեր արտիստներն էլ պետք է այնպես ապրեն, որպեսզի աչքը դրսում չլինի»,- ընդգծեց բանախոսը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում թատրոնի մենակատար Ռուբեն Մուրադյանի` Վրաստանում աշխատելու փաստին, Դուրգարյանը նշեց, որ այն, որ հայ արտիստները աշխատում են արտասահմանյան թատրոնում, վկայում է հայկական բալեատային դպրոցի բարձր մակարդակի մասին: Նա նշեց, որ որևէ վատ բան չկա, երբ արտիստները պահանջված են արտերկրում, սակայն դա լավ է միայն այն դեպքում, երբ նրանք վերադառնում են հայրենիք:
2013 թվականի ապրիլին վերաբացվելով`մեկ ու կես տարի տևած տեխնիկական վերազինումից հետո մայիս ամսից թատրոնի ստեղծագործական խմբերը վերսկսել են իրենց բնականոն գործունեությունը: Վերականգնվել են ընթացիկ խաղացանկի բոլոր ներկայացումները: Հոկտեմբերին համերգային կատարմամբ հնչեցին Վերդիի «Տրուբադուր», իսկ դեկտեմբերին` Բելինիի «Նորմա» օպերաները: Շարունակվեց «Համերգ ճեմասրահում» համերգաշարը, որի շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղածագործություններից կազմված ծրագրեր` թատրոնի մենակատարների և հրավիրված երաժիշտների մասնակցությամբ:
Տարվա ընթացքում շարունակվեց համերգային գործունեությունը: Մեծ հանդիսավորությամբ նշվեց իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի 200-ամյակը: 2013 թվականը ակտիվ էր նաև հյուրախաղերի տեսանկյունից: Հունիսին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի բեմում կայացել է 15 մեներգիչների գալա համերգը, որը ղեկավարում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Թատրոնի ստեղծագործական խմբերը մեծ հաջողությամբ հանդես եկան հյուրախաղերով` մայիսին Օմանի սուլթանյան Մուսկատ քաղաքի Թագավորական օպերային թատրոնում:
Թատրոնի սիմֆոնիկ նվագախումը ելույթ է ունեցել Լիբանանի Կարակալա բալետային խմբի հետ: Օգոստոսին բալետային խումբը մեկնել է Կատար: Դոհա քաղաքի մշակութային պալատի բեմում ցուցադրվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: